ՎԱՐԴԱՆԸ ՓՈՂԸ ՉԷՐ ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգամանքների բերումով Ռուսաստանի Դաշնությունում հայտնված հայերը հաճախակի են միմյանց հետ մտնում գործարքների, շփումների մեջ, իսկ հետո, երբ խնդիրներ են ծագում, փորձում են դրանք լուծել «չորով»: Մի մասն էլ նախընտրում է պատժելու օրինական ճանապարհը, եւ եթե չի հաջողվում Ռուսաստանում, ապա փորձում են դա անել Հայաստանում կամ հակառակը… թեկուզ անցնեն տարիներ:
Այդպես էլ 7 տարի առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախի բնակիչ Տիգրան Գրիգորյանի ընտանիքի անդամներն են աշխատանքային ինչ-ինչ հարաբերությունների մեջ մտել Ռուսաստանի Սամարայի մարզի Ելխովի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Վարդան Բարսեղյանի հետ: Գրիգորյաններից հայրը՝ Սերգեյ Գրիգորյանը, ու նրա որդիներից մեկը՝ Ա. Գրիգորյանը, ինչ-ինչ աշխատանքներ էին կատարել Վ. Բարսեղյանի հանձնարարությամբ, սակայն, ըստ Գրիգորյանների, Վարդանն իրենց նկատմամբ ճիշտ չի վարվել՝ չի տվել իրենց  աշխատած 15.000 ռուբլի փողը:
Ինչպես երեւում է քրեական գործի նյութերից, գործին խառնվել է ընտանիքի երրորդ անդամը՝ Տիգրան Գրիգորյանը, եւ որոշել են փողային վեճը լուծել կարճ ճանապարհով, քանի որ օրինական ճանապարհով գումարը ստանալու համար մի այդքան էլ կամ ավելի գումար պետք է ծախսեին, դատարաններում երկար ժամանակ վատնեին, այն էլ հարց է՝ դատարանը հօգուտ իրենց վեճը կլուծեր, թե ոչ: Էլ չենք ասում, որ գործատուները եւ հատկապես հայ գործատուները սովորաբար աշխատողին մի «բարաթ»՝ պայմանագիր էլ չեն տալիս, որ հետագայում մարդն ապացուցի, որ աշխատել է եւ պետք է վճարվի:
Հայտնի չէ՝ Գրիգորյաններին արդարության հասնելու իրավական երկար ճանապարհը դուր չի եկել, թե «բարաթ» չեն ունեցել, բայց նրանք որոշել են ինքնուրույն լուծել վեճը:  Տիգրանը 2005թ. հուլիսի 6-ին` մոտավորապես ժամը 20:00-ին, իր եղբոր` Ա. Գրիգորյանի եւ հոր` Սերգեյ Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ դիտավորյալ, շահադիտական նկատառումներով Օկտյաբրսկ քաղաքի Դեւոնսկի փողոցի սպորտի պալատում գտնվող անհայտ մեքենայի սրահում Վարդան Բարսեղյանից պահանջել են վճարել իրենց պարտք մնացած 15.000 ռուբլին: Եւ քանի որ գործատուներն էլ այդպես հեշտությամբ չեն հանձնվում, Վարդանը մերժել է նրանց: Դատելով քրգործի նյութերից՝ Սերգեյը որդիների հետ խախտել է ՌԴ օրենսդրությամբ սահմանված՝ մարդու իրավունքների վերաբերյալ մի փունջ օրենքներ` Վարդանի արժանապատվությունը նվաստացնելով, բռունցքով դեմքին հարվածելուց հետո խլելով նրա մոտ եղած  8500 ռուբլի արժողությամբ «Pantek G 800» մոդելի բջջային հեռախոսը:
Այնուհետեւ Ս. Գրիգորյանը, Ա. Գրիգորյանը եւ Տ. Գրիգորյանը Վ. Բարսեղյանի հետ միասին գնացել են սպորտի պալատի ուղղությամբ, որտեղ Գրիգորյանները, շարունակելով իրենց հանցավոր գործողությունները, սկսել են ոտքերով եւ ձեռքերով հարվածել Վարդանին, հետո նրան գցել են գետնին եւ շարունակել  հարվածել:
Արդյունքում Վարդանը «չտված» փողի դիմաց «ստացել է» մարմնական վնասվածքներ՝  սկլերայի արյունազեղումով աջ աչքի կոպի արյունախեղդի, աջ աչքի ստորին կոպի վնասվածքի, վերին շուրթի լորձաթաղանթի, ձախ ականջախեցու արյունախեղդի, աջ ուսի վնասվածքի, վերին աջ ծնոտում 1 ատամի կորստի, գլխուղեղի ցնցման ձեւով: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Գրիգորյանների հարձակման հետեւանքով Վարդանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս: Եւ ծեծի արդեն երկրորդ «ռաունդից» հետո Գրիգորյանները խլել են տուժող Վարդանին պատկանող 5 գրամ քաշով, 5000 ռուբլի արժողությամբ ոսկյա մատանին, 50.000 ռուբլի արժողությամբ «ՎԱԶ 21065» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում եղել է 20.000 ռուբլի եւ 2200 ռուբլի արժողությամբ «Motorola C 360» մոդելի բջջային հեռախոս: Վ. Բարսեղյանին պատճառվել է ընդհանուր 1.317.209 ՀՀ դրամին համարժեք 85.700 ռուբլի արժողությամբ գույքային վնաս:
Դեպքից անցել է 7 տարի, սակայն Գրիգորյաններից Տիգրանը կանգնել է հայրենի՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի առջեւ՝ բռնություն գործադրելով ինքնիրավչություն կատարելու համար (ՀՀ քր. օր.-ի 322 հոդվածի 2-րդ մաս), որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հ.Գ. Սա միակ դեպքը չէ, եւ հայկական այսպիսի մանր «քցոցիներն» իրենց  տրամաբանական հետեւանքներով կարող են հետագայում նաեւ այստեղ դառնալ աղմկահարույց պատմություններ, ինչպես Շիրակի մարզի գյուղերից մեկի քրեական հեղինակություն Անուշավան Բաղդասարյանի եւ նրա ազգականներ Աֆթանդիլ եւ Մհեր Խաչատրյանների «հերոսությունը»: Նրանք էլ ՌԴ-ում աշխատած իրենց փողը «վոզվրատ» անելու համար առեւանգել ու ծեծել էին իրենց փողը չտված Հովհաննես Մինասյանի ոստիկան եղբորը՝ Լուկաշին: Ծեծողներից երկուսի քրեական գործը հիմա դատարանում է:
Սա էլ թրաֆիքինգի հայկական տարբերակն է:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս