Գյումրիում այս օրերին՝ նախընտրական քարոզչության շրջանում, խոսում են ոչ թե առաջադրված թեկնածուներից, նրանց ծրագրերից ու խոստումներից, այլ՝ թե ինչ եղան օրեր առաջ Գյումրու կենտրոնում հնչած նախընտրական կրակոցների հեղինակները:
Հայտնի է, որ դեպքերի գլխավոր դերակատարը համարվում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, ում նկատմամբ ոստիկանությունը հետախուզություն է հայտարարել: Հայտնի է նաեւ, որ դեռ օրեր առաջ՝ նախընտրական քարոզչության առաջին օրերին, իշխող կուսակցության տարբեր՝ մեծ ու փոքր տրամաչափի անդամներ, խոստացան ու վստահեցրին, որ Գյումրիում ընտրություններն անցնելու են առանց ցնցումների, առանց միջադեպերի, քաղաքակիրթ մրցակցության կանոններով: Այդ նպատակով ՀՀ Ոստիկանությունը ձեւավորեց հատուկ հանձնախումբ՝ ընտրությունները տեղերում «անաղմուկ» կազմակերպելու համար: Եւ, ի վերջո, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր հերթին լրատվամիջոցներին վստահեցրեց, թե թույլ չի տալու Գյումրիում ցնցումներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ առանց կրիմինալի մասնակցության եւ ավանդույթ դարձած նախընտրական կրակոցների, Գյումրիում պարզապես անհնար է ընտրական գործընթաց կազմակերպել:
«Ժառանգություն» կուսակցության Գյումրու գրասենյակի համակարգող Վահագն Հովհաննիսյանի դիտարկումներով. «Կրիմինալ համակարգը, որ այսօր ամբողջ հանրապետությունում կա, չի կարող իրեն ցույց չտալ: Էնպես են դաստիարակել, էնպիսի կադրեր են աճեցրել, որոնք հարցերը միշտ լուծել են ուժի միջոցով, գողականի միջոցով: Ո՞վ է էդքան թեւ ու թիկունք տվել իրենց»:
Իսկ ՀԱԿ համակարգող, Գյումրիի գրասենակի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի բնորոշմամբ՝ այս ընտրությունների քարոզչությունը «դժգույն է ու խիստ գունատ»: «Թեկնածուների, հատկապես ավագանու անդամության թեկանածուների ասելիքը խիստ սահմանափակ է: «Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք» շատ խղճուկ բնորոշմամբ: Նման դժգույն ընտրաշավ գոնե ես չեմ հիշում Գյումրիում»,- ասաց Մուրադ Գրիգորյանը: Ըստ նրա՝ ընտրարաշավին մասնակցում են կոնյուկտուրայից ելնելով. «Նույն հիմնարկության, նույն գործարանի սեփականատերը քաղաքապետի թեկնածու է, իսկ նույն գործարանի ցեխերից մեկի աշխատակազմը՝ մի քանի հոգով ավագանու անդամի թեկնածու են առաջադրել: Այսպիսի ընտրությունների դեպքում ես չգիտեմ՝ ի՞նչ քաղաքապետ-ավագանի հակակշռի մասին է խոսքը»,- ասաց նա: Գրիգորյանի խոսքերով, Հայաստանում ՏԻՄ հասկացությունը վաղուց հողին է հանձնվել. «Վաղն էլ ունենալու ենք անդեմ, գունազուրկ, հեշտ կառավարելի ու ղեկավարելի մի ֆիգուր՝ քաղաքապետի փոխարեն…»: Ըստ նրա՝ մրցակցություն եւս որպես այդպիսին Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար գոյություն չունի. հնարովի, շինծու մրցակցություն է ապահովվել՝ կազմակերպված միջոցառմանը ավելի հետաքրքիր տոներ հաղորդելու համար:
Գյումրի