ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման սկանդալին բարեհաճեց անդրադառնալ կատարվածից 5 օր անց միայն: Նույնիսկ ՀՀ ԳԱԱ-ն ու ոստիկանությունն ավելի օպերատիվ գտնվեցին այս իրադարձության վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտելու հարցում, քան Նալբանդյանը:
Իհարկե, եթե այս ամենից հետո նա հայտարարեր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին, միգուցե ԱԳ նախարարության 5-օրյա լռությունը հասկանալի լիներ: Այնինչ Նալբանդյանը պարզապես բավարարվել է Ադրբեջանին անարգանքի սյունին գամելով: Նա այս թեմային անդրադարձել է ե՛ւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ե՛ւ Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ ասուլիսում: ԱԳ նախարարն արդարացել է, թե Հայաստանը տեղյակ է եղել Ադրբեջանի՝ Սաֆարովին արտահանձման ենթարկելու փորձերին, միայն թե՝ ամեն անգամ հավաստիացրել են, որ դա բացառված է: «Տեղյակ լինելով,Ադրբեջանի փորձերին՝ Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է»,-հայտարարել է Նալբանդյանն ու այնուհետեւ բառեր չի խնայել Ադրբեջանի ղեկավարության հասցեին,-Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ են առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երեւույթների հանդուրժումն է ձեւավորում սադամհուսեյնների»:
Այսօր Նալբանդյանը Ալիեւին համեմատում է Սադամ Հուսեյնի հետ, վաղը կարող է նրան նմանեցնել Ադոլֆ Հիտլերին, մյուս օրը՝ Մուսոլինիին ու այդպես շարունակ: Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում. եղածը՝ եղած է: Մինչդեռ այս ոլորտի մասնագետները պնդում են, որ Հայաստանը այնուամենայնիվ, կարող էր կանխել կատարվածը: Բանն այն է, որ ցանկացած դեսպանատուն բաղկացած է երեք հիմնական մասից՝ դիվանագետներ, ԱԱԾ աշխատակիցներ՝ հետախուզություն եւ հակահետախուզություն, եւ տեխնիկական աշխատակազմ: Ընդ որում, ԱԱԾ-ն իր ներկայացուցիչներն ունի ՀՀ բոլոր օտարերկրյա դեսպանատներում անխտիր: Ու առաջին հերթին հենց նրանց գործն է իմանալ նախապատրաստվող նման իրադարձությունների մասին, մանավանդ որ արտահանձնման հարցերը մեկ գիշերում չեն կազմակերպվում ու իրականացվում, այլ դրա համար շաբաթներ ու ամիսներ են հարկավոր: Իսկ ՀՀ ԱԱԾ-ն այսօր զբաղված է ոչ թե իրեն վերապահված գործառույթներով, այլ ընդդիմադիր գործիչների հեռախոսազրույցները գաղտնալսելով, էլեկտրոնային նամակագրությանը հետեւելով, ընդդիմադիրներին հետապնդելով:
Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանը երեկ շատ ուշագրավ փաստ է բացահայտել. նա այնքան է տարվել իրենց անկարողությունն արդարացնելու մոլուցքով, որ ձեռքի հետ ցուցմունք է տվել հայ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների դեմ՝ ասելով, որ բոլորն էլ տեղյակ են եղել Ադրբեջանի փորձերից, բոլորն էլ բարձրացրել են այդ հարցը, միայն թե՝ Հունգարիան խաբել է իրենց: Այլ կերպ ասած՝ Նալբանդյանն անուղղակի կերպով ապացուցել է, որ ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Հովիկ Աբրահամյանին, ո՛չ Տիգրան Սարգսյանին, ո՛չ իրեն, ո՛չ էլ դեսպաններին անգամ Հունգարիայի նման եվրոպական ամենասովորական երկիրը (էլ ուր մնաց՝ գերտերությունները) պարզապես լուրջ չեն ընդունում ու հարկ եղած դեպքում կարող են «քթներից բռնած ֆռռացնել», խաբել, ինչպես փոքր երեխայի: Ու նրանք էլ հավատացել են այդ ստերին: Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները քաջատեղյակ են եղել այդ մարտահրավերին, ուրեմն պարզապես անկարող են դրանք կանխել: Ավելի մեծ խայտառակություն, ավելի ծանր խոստովանություն, թերեւս, դժվար է պատկերացնել:
Ցանկացած նորմալ երկրում այս ամենից հետո ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենն ու այդ երկրում ՀՀ դեսպանը պարզապես պետք է հրաժարականի դիմում ներկայացնեին: Այնինչ մեզանում հակառակն է. կատարվածից 7 օր անց անմիջական պատասխանատուներից որեւէ մեկը չի պատժվել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս