«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Ափնա գյուղում: Ափնայի համայնքապետ Ռոբերտ Կարապետյանին է մոտեցել մի տաքսու վարորդ, նրան փոխանցել իր հեռախոսն ու ասել, որ իր հետ ուզում է խոսել Արագածոտնի փոխմարզպետը: Հեռախոսազրույցի ընթացքում փոխմարզպետը գյուղապետին «հանձնարարել» է տաքսու վարորդի միջոցով իրեն ուղարկել 97 հազար դրամ գումար, որը երկու օրվա ընթացքում կվերադարձնի: Հաջորդ օրը, սակայն, գյուղապետը պարզել է, որ գումարը պահանջողը փոխմարզպետը չի եղել:
Երբ դեպքի հաջորդ օրը գյուղապետը գնացել է մարզպետարան եւ հանդիպել փոխմարզպետին, վերջինս ասել է, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ այդ գումարից: Պարզվել է, որ գյուղապետին ինչ-որ անձ խաբել է ու գումար շորթել:
Մեր տեղեկություններով՝ Ափնայի գյուղապետը կարողացել է ֆիքսել այն տաքսու համարանիշը, որով «փոխմարզպետին» ուղարկել է գումարը: Կարապետյանը դիմել է ոստիկանություն եւ խնդրել պարզաբանել, թե ով է եղել այդ ամենի հեղինակը:
Կատարվածի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ափնայի բնակիչների հետ, որոնք եւս հաստատեցին մեր տեղեկությունները` հավելելով, որ գյուղապետը «շոկի» մեջ է: Նրանք նշեցին, որ ամբողջ գյուղին այդ հարցն է անհանգստացնում, թե ով է եղել գյուղապետին «քցողը»:
Փորձեցինք զրուցել նաեւ գյուղապետ Ռոբերտ Կարապետյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Չնայած գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ համայնքապետը շատ կցանկանար այդ մասին խոսել: Նշենք, որ վերջերս նմանատիպ դեպք էր գրանցվել նաեւ Արարատի մարզում. կրկին տաքսու վարորդի միջոցով գումար էին պահանջել մեկ այլ մարդու անունից:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ձեռնարկվում են միջոցառումներ` գումարը շորթած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՑ ՓՈՂ ՉԻ ՈՒԶԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ