ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրում սովորական երեույթ է դարձել ազգի համար կյանքը նվիրաբերած մարդկանց վիրավորելը, անտեսելը, շահագործելը: Մեր իշխանավորներին ամենեւին չեն հուզում ազատամարտիկների բազում խնդիրները: Եզակի չեն դեպքերը, երբ պետական չինովնիկները յուրացնում են նրանց կենսաթոշակները, օգտվում հասանելիք անվճար բուժօգնությունից, ստանում տարիներ շարունակ իրենց բնակարանի հերթին սպասող ազատամարտիկների բնակարանները:
«Վարդանանք» երդվյալ ջոկատի հրամանատար Վանիկ Գալստյանը` ՀԱԲ-ի Վանիկը, որ Ղարաբաղյան ազատամարտի տարիներին զենք-զինամթերք ձեռք բերելու համար իր բնակարանն է վաճառել, արդեն քանի տարի է` վարձով է բնակվում: Արցախյան պատերազմի մասնակից հրամանատարը, որի` այդ «տարիների ձեռքբերումը» սրտի հիվանդությունն է, արդեն 8 տարի հույսով սպասում է բնակարանի իր հերթին: ՀՀ ՊՆ կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների ցանկում Գալստյանի հերթական համարը մեկ տարվա մեջ առաջ է գնացել 13-ով:
«Այսօր ՊՆ-ից տեղեկացա, որ 458 հերթում ենք, անցյալ տարվա այս ժամանակահատվածում, 471-ն էինք: Այսինքն, եթե 1 տարում մեր հերթը առաջ է գնացել 13-ով, ապա մենք դեռ քանի~ տարի պիտի բնակարանի սպասենք: Ամուսնուս առողջությունն էլ օրեցօր վատանում է: Երկրորդ կարգի հաշմանդամության ամբողջ կենսաթոշակը բնակարանի վարձ ենք տալիս: Չենք կարողանում տնտեսումներ անել, որպեսզի Վանիկի ամենօրյա դեղորայքի հարցը հոգանք»,-ասում է հրամանատարի կինը` Անահիտ Մելքոնյանը: Նա պատմում է, որ իրենց սոցիալական վիճակն ավելի է վատացել որդու մահից հետո. «Նա էր տան միակ աշխատողը, տաքսի էր վարում: Հազիվ օրվա հացն ու հոր դեղորայքն էր գնում: Տղաս տաքսու պատվիրատուի հետ վիճաբանության մեջ էր բռնվել: Մի քանի հոգով ծեծել էին, 7 տեղից դանակահարել, մահացավ: Հիմա լրիվ անհույս վիճակում ենք: Գոնե որ բնակարանը ստանայինք, Վանիկի թոշակով մի կերպ յոլա կգնայինք»:
Ազատամարտիկն ու նրա կինը բազմիցս դիմել են ՊՆ, ՀՀ կառավարություն, Անահիտը անձամբ հանդիպել է Սերժ Սարգսյանին: «Նախորդ նախագահական ընտրություններին՝ քարոզարշավի ժամանակ, Էրեբունի թաղամասում դիմեցի նրան: Երբ լսեց, որ «Վարդանանք»-ի հրամանատարը վարձով է ապրում, զարմացավ: Խոստացավ ընդառաջել: Մինչ այսօր սպասում եմ երկրի գերագույն հրամանատարի կեղծ խոստման կատարմանը,-ասում է Անահիտը, որը, պետություն ասելով, հասկանում է Ս. Սարգսյանին,-եթե մի երկրի նախագահ չի կարողանում իր երկրի զինվորի վիճակը փոխել, ապա էլ ինչի՞ն հավատալ եւ ո՞նց փոխվել»:
«Ժողովորդ»-ի հարցմանը, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում զինվորականներին առաջնահերթ բնակարանով ապահովելիս, ՀՀ ՊՆ լրատվության բաժնից ասացին, որ հարցը ընդգրկուն է, եւ այդ առթիվ կտրվի գրավոր պատասխան:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս