Վարչապետը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին:

Վարչապետը ողջունել է միավորված խորհուրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երեւանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին: «Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առեւտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցմանը եւ պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարի, ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկայի պաշտպանության համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը: Միավորված խորհուրդի միջոցով է կարգավորվում նաեւ մաքսային իրավախախտումների հայտնաբերման համաձայնեցված օպերատիվ միջոցառումների եւ համատեղ գործողությունների անցկացման մեխանիզմը», – նշել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նիստում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, եւ կարեւոր է կենտրոնանալ միջգերատեսչական մակարդակով գործնական որոշումների ընդունման վրա. «Անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից ու հայտարարություններից եւ ձեռնարկել գործնական քայլեր՝ մաքսային ոլորտում առկա պայմանագրային բազայի իրագործման եւ այդ նպատակով համապատասխան արդյունավետ մեխանիզմների ձեւավորման համար», – ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթությունները պետք է լինեն մաքսային հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային արժեքի որոշման, ռիսկերի կառավարման եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերը:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՄՄ անդամ երկրների մաքսային կառույցների պատվիրակություններին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:




Լրահոս