«ԿՆՈՋ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՍԻՑ Է ԲԽՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Պարի եւ հոգու թատրոնի» հիմնադիր Սոֆի Դեւոյանը, ով վերջերս հեռուստադիտողներին ներկայացավ բոլորովին նոր կերպարում, հասցրեց մի շարք քննարկումների կիզակետում հայտնվել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր նոր դերին, խոսել է կանացի թեմաների շուրջ, բացահայտել իր գեղեցկության գաղտնիքները: Պարուհին պատմել է նաեւ բեմը չլքելու իր առաջիկա ծրագրերի մասին:

-Տիկի՛ն Դեւոյան, նոր «Բախտաբեր» հեռուստասերիալում չար սկեսուրի Ձեր կերպարի հետ հարմարվե՞լ եք: Հանդիսատեսը, կարծես, չէր սպասում տեսնել Ձեզ նման դերում:
-Նախ ասեմ, որ կնոջ այդ տեսակն ինձ հետ որեւէ կապ չունի, սակայն ինձ նրա մեջ գրավեց սերը դեպի երեխաները: Ամեն դեպքում, մարդիկ չեն դադարում ասոցացնել ինձ կերպարիս հետ: Վերջերս փողոցում մի քանի հոգի տեսան, ասացին` վայ, տիկին Դեւոյան, ախր, մենք Ձեզ այնքան շատ ենք սիրում, ինչո՞ւ եք այդ վատ դերը խաղում (ծիծաղում է):
-Իհարկե, շատ ռեժիսորների ու նաեւ հեռուստադիտողին գրավում են Ձեր կերտած արիստոկրատ կանանց կերպարները, սակայն միեւնույն ժամանակ հնչում են քննադատություններ այն առնչությամբ, որ Դուք, ի վերջո, մասնագիտությամբ դերասանուհի չեք, ի՞նչ կասեք:
-Այո՛, այդ արիստոկրատության մասին մշտապես շեշտվում է, եւ վերջին սերիալում հրավերք ստանալու հարցում եւս այդ գործոնը դեր խաղաց: Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա չպետք է մոռանանք, որ ես բեմի մարդ եմ, բացի այդ` դեռեւս 23 տարեկանում նկարահանվել եմ «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում, մի շարք կինոնկարներում, որոնք դիպլոմային աշխատանքներ էին: Դրանից հետո Սերգեյ Գերասիմովը հրավիրեց ինձ Մոսկվա, առանց փորձի պատրաստ էր դերեր տալ, բայց ես այդ ժամանակ չէի կարող երկրից բացակայել. պարով էի զբաղված: Եվ հետո ինձ հրավիրել են խաղալու թատրոնում, իսկ ես, որ միշտ երազել էի այդ մասին, չգիտեմ ինչու` ռիսկ չեմ արել եւ հրաժարվել եմ այնտեղ հանդես գալուց: Հիմա, օրինակ, թատրոնում հաճույքով իմ տարիքին համապատասխան մի դեր կխաղայի: Այնպես որ, այս ոլորտում որոշակի փորձ ունեմ:
-Դուք Ձեր ուժերը փորձել եք նաեւ որպես հաղորդավարուհի, շատերը սպասում էին «Արի ամուսնանք» ծրագրին, եւ հաղորդումը քննադատողներն անգամ հաճախ դիտում էին այն, որպեսզի Ձեզ լսեն: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այս ծրագիրը Հայաստանում հաջողություն չունեցավ, համենայն դեպս, կարճ կյանք ունեցավ:
-Ես այն համոզման եմ, որ պետք է այս ծրագիրը շոուի տարր պարունակեր, ինչպես, օրինակ, Մոսկվայի համանուն հաղորդման դեպքում է, որպեսզի երկար կյանք ունենար: Այդ դեպքում աստիճանական շտկումներ էլ կլինեին, շատ բացեր կլրացվեին: Ամեն դեպքում, ես եկա այն եզրակացության, որ այդ հաղորդումը մեր ազգի համար չէր: Մենք այնքան բաց ու ազատ չենք, որքան, ասենք, ռուսները: Միշտ ինչ-որ բան ծածուկ ենք պահում, ուզում ենք ավելի լավը երեւալ, քան կանք: Այդ տիպի շոուն մեզ համար չէ:
-Տիկի՛ն Դեւոյան, դժվար չէ նկատել, որ տարիներն անցնում են Ձեր կողքով, ինչպե՞ս է դա Ձեզ մոտ ստացվում:
-Կնոջ գեղեցկությունը ներսից է բխում: Հատկապես, երբ նա ուժեղ է, բայց միեւնույն ժամանակ` մեղմ, կարծում եմ` անչափ գրավիչ է: Իսկ այդ հատկությունները, նաեւ ներքին խաղաղությունն ու ներդաշնակությունը, պարտադիր արտահայտվում են դեմքի եւ վարքի վրա:
-Իսկ եթե խոսենք միայն արտաքին տվյալներից, կնշե՞ք` ի՞նչ գործոններ են նպաստել երիտասարդ մնալուն: Ի դեպ, ասում են` Դուք մի շարք պլաստիկ վիրահատություններ եք տարել, ճի՞շտ է:
-Ո՛չ, ես այն կինն եմ, որը ոչ մի անգամ պլաստիկ վիրահատական միջամտության չի դիմել, թեեւ այն կարծիքին եմ, որ արդեն դրա կարիքը կա, բայց ռիսկի չեմ դիմում: Ինչ վերաբերում է գեղեցկության գաղտնիքներին, ասեմ, որ ես մշտապես մարզվում եմ, շարժման մեջ եմ, բացի այդ` արդեն 15 տարի է` երբեմն-երբեմն սառը ցնցուղ ընդունելն ինձ համար դարձել է պարտադիր պայման:
-Դուք չեք պատրաստվում զիջել Ձեր դիրքերը նաեւ պարարվեստի ոլորտում, բեմը լքելու մասին խոսք անգամ չեք բացում, հետաքրքիր է` այս ասպարեզի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ես այդ «լքել» բառը չեմ սիրում, որքան կստացվի, կմնամ բեմում: Արդեն ունեմ պարի 4 դպրոց, հաճախ կազմակերպում ենք համերգներ, իսկ շուտով արդեն կլինի կես դար, որ բեմում եմ եւ պատրաստվում եմ առաջիկայում մեծ համերգով նշանավորել այդ հոբելյանը:

 

 

 

 

 
«ՀԱՅ ԿՆՈՋԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

Կանանց նվիրված միամսյակում «Ժողովուրդը»-ը շարունակում է կանացի թեմաների քննարկումը: Հայտնի է, որ կնոջ գեղեցկության գաղտնիքներից մեկը ինքնատիպ ոճ ձեւավորելու կարողությունն է: Այս առումով ի՞նչն է հայ կնոջն առանձնացնում աշխարհի մյուս ազգերի կանանցից, որքանո՞վ է նա հետեւում նորաձեւության միտումներին, եւ ի՞նչն է նրան պակասում:

Ոճաբան Արայիկ Գաբաջյանը մեզ հետ զրույցում նախ նկատեց, որ այսօր հայ կինն արդեն կարողանում է ձեւավորել յուրահատուկ ոճ, շատ հայ կանայք ակտիվորեն հետեւում են նորաձեւության զարգացումներին, սակայն առայժմ նրանց պակասում է ինքնավստահությունը: «Բայց սա ժամանակի ընթացքում լուծվելիք խնդիր է: Հայ կինը, սրանով հանդերձ, ինձ համար մնում է որպես ոգեշնչման աղբյուր»,-նշեց ոճաբանը:
Նրա կարծիքով հայ կնոջ ինքնավստահությունը մեծապես կախված է հայ տղամարդուց, որի կողմից իր կնոջ խրախուսման դեպքում այն, միանշանակ, արտահայտվում է:
Անդրադառնալով որոշ հայ կանանց այն պնդումներին, թե նորաձեւության միտումներին հետեւելու համար ֆինանսական ապահովվածությունը պարտադիր պայման է, ոճաբանը հակադարձեց. «Նորաձեւ լինելու համար ամենեւին էլ մեծ գումարներ անհրաժեշտ չեն: Մեր երկրում արդեն կան շատ խանութներ, որտեղից կարելի է մատչելի գնով հագուստ ձեռք բերել: Կարելի է նաեւ ոչ նորաձեւ հագուստը ձեւափոխել` ստանալով նոր ու հետաքրքիր մի բան, ինչը ֆինանսների հետ կապ չունի, պետք է պարզապես ճաշակի զգացողությունը զարգացնել»:
Խոսելով հայ կնոջ կերպարի մասին` Արայիկ Գաբաջյանն ընդգծեց, որ այն աշխարհի մյուս բոլոր ազգերի կանանցից տարբերվում է իր բնական գեղեցկությամբ, համեստությամբ ու նրբաճաշակությամբ. «Հայ կինն աչքի է ընկնում նուրբ գույների ընտրությամբ, չի սիրում վուլգար ու աչքի զարնող բացվածքներ ու ձեւվածքներ: Թեպետ վերջին տարիների կտրվածքով ինչ-որ բաներ փոխվել են, սակայն հայ կինը շարունակում է պահպանել կնոջ իր տեսակը»,-ընդգծեց ոճաբանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՆ Է ԳՐԱՎԵԼ
Հայ օպերային մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ն. Ա. Ռիմսկի- Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ մեներգիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Գեորգիեւայից, ով հունվարին Հայաստանում էր վարպետության դասեր անցկացնելու նպատակով: «Լարիսա Գեորգիեւան նաեւ այդ մրցույթի հանձնաժողովի նախագահն է: Մրցույթի առաջին փուլն անցա Երեւանում, իսկ 2-րդ եւ 3-րդ փուլերն անցկացվում էին ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում` Տիխվինում»,-ասել է երգիչը:
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը երազում է օպերային բեմերում նոր դերերգերով հանդես գալու մասին` հայկական հոգեւոր երաժշտությունը աշխարհին հասու դարձնելու նպատակով:

 

ՀԻՄԱ ԷԼ` ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Երգչուհի Սոնա Շահգելդյանը պատրաստվում է ներկայանալ որպես դերասանուհի: ESem.am-ի հետ զրույցում նա նշել է, որ եթե երգչուհի չդառնար, դերասանուհի կլիներ, քանի որ, իր խոսքով, մանկուց ունեցել է դերասանական ջիղ, կատարել է նմանակումներ: «Կներկայանամ իմ էությանը մոտ կերպարով: Թերեւս, ֆիլմը կլինի կոմեդիայի ժանրում: Առաջարկը պրոֆեսիոնալ մարդկանց կողմից է, հաշվի եմ առնում նաեւ հոնորարի չափը: Մնացած մանրամասներին դեռեւս չեմ տիրապետում»,-ասել է նա:

 

ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
Երեւանում մարտի 6-ին նշանակված, այնուհետեւ ապրիլի 6-ին տեղափոխված Իրինա Ալեգրովայի մենահամերգը եւս մեկ անգամ հետաձգվել է. այն տեղի կունենա մայիսի 23-ին: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է համերգի կազմակերպիչ, «Forpostart» ընկերության մոսկովյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Տոլստելեւը: Ըստ նրա` այս անգամ պատճառը ապրիլին նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Նրանք, ովքեր մայիսի 23-ին չեն կարող ներկա գտնվել Ալեգրովայի համերգին, կարող են իրենց տոմսերը հանձնել` նամակ ուղարկելով [email protected] կայքին:




Լրահոս