ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼԻ ԿՊԱՅԹԵՑՆԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:30-16:30-ի սահմաններում, Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։

ՄԻԱԿ ՍԻՐԵԼԻՆ
«Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ռոզա Ծառուկյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի երեկվա հայտարարությունը համարում է զրպարտություն: Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ մեծ վաստակ ունենալով` ինքը արժանի չէր նման վերաբերմունքի. այս մասին Ռ. Ծառուկյանն ասել է  slaq.am-ին` նշելով, որ երեկ՝ առավոտյան, անձամբ հանդիպել է Ա. Բախչագուլյանի հետ, խնդրել, որ վերջինս իրեն տեղեկացնի, թե որ լաբորատորիայում են հետազոտվել իրենց կաթնամթերքի նմուշները, եթե, իհարկե, նման բան եղել է ընդհանրապես, սակայն այդպես էլ որեւէ հիմնավոր բացատրություն կամ տեղեկատվություն չի ստացել: «Մուլտի ագրո»-ի տնօրենին առավել եւս վիրավորել է այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ, այս ամենի հետ կապված, անհիմն կերպով շահարկում են Գագիկ Ծառուկյանի անունը, ինչը Ռ. Ծառուկյանը համարել է միտումնավոր զրպարտելու փորձ` ավելացնելով, որ անկախ ամեն ինչից՝ Գ. Ծառուկյանը ժողովրդի միակ սիրելի մարդն է:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԿԱՐ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին երդում է տվել` ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը: Նշենք, որ ԼՂՀ նախագահի երդմնակալությանը Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, միայն ուղերձ է հղել: Իսկ Սերժ Սարգսյանն Արցախում էր:

«ԹՈՒԼԻ» ԵՐԵՍԻ՞Ց
Արցախի հերոս, 2012թ. հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում նախագահի թեկնածու առաջադրված գեներալ Վիտալի Բալասանյանն այն կարծիքին չէ, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով՝ Ադրբեջանը ոչ պաշտոնապես հայտարարեց, թե պատրաստ է պատերազմի, քանի որ այդ քայլն ուղղված է ավելի շատ ներքին սպառմանը։ «Մի՛ հա-վա-տա-ցեք էդ հեքիաթներին: Ադրբեջանը միշտ էլ պետք է իրա ազգը, ժողովուրդը դաստիարակի, եւ իշխանություն պահեն: Ի՞նչ պատերազմի մասին է խոսքը: Էդ թուլի երեսից պիտի պատերա՞զմ սկսեն»,-Tert.am-ին ասել է  Վ. Բալասանյանը:

ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԿԳՆԱ
Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Իրանում նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. հունիսի 14-ին: Կմրցեն գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցն ու նրա պահպանողական հակառակորդները: Գործող նախագահը, ելնելով երկրի օրենսդրությունից, չի կարող իր թեկնածություն առաջադրել երրորդ անգամ: Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագահական մրցապայքարին եւ պաշտոնից հեռանալուց հետո կզբաղվի գիտական աշխատանքով: Հաջորդ նախագահական ընտրությունները կհամընկնեն ՏԻՄ ընտրությունների հետ:




Լրահոս