«Հիմնադիր խորհրդարանի» անդամը տեսել է իրեն դանակահարողին. նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ մարտի 28-ին Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորներից Հրաչիկ Միրզոյանին դանակահարել են: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը Armlur.am-ին հայտնեց, որ Հ. Միրզոյանի վիճակը կայուն բավարար է, նա դեռևս Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Հրաչիկ Միրզոյանը մատնացույց է արել իրեն դանակահարողին, իրավապահ մարմիններն էլ գիտեն այդ մասին, սակայն նրան ո´չ ձերբակալել են, ո´չ էլ նրա նկատմամբ հետախուզում կա հայտարարած. «Նրա անձը հայտնի է, հայրն էլ հարցազրույց է տվել ու որդուն արդարացրել: Իսկ նրան չձերբակալելը միայն մի բացատրություն ունի` սա ռեժիմի կազմակերպածն էր: Սկզբում 1-2 ոստիկաններ կային` մեզնից մի քիչ հեռու կանգնած: Հետո երբ սադրիչները սկսեցին խանգարել մեզ, մենք պահանջեցինք, որ ոստիկանները հեռացնեն նրանց հրապարակից, սակայն այլևս ոստիկան չկար: Մի քիչ ավելի ուշ մոտեցան ու իբր փորձում էին դրանց հեռացնել: Դանակահարությունից հետո միայն Շիրակի մարզայինի պետի տեղակալը եկավ, ու ինչ-որ գործողություններ արվեցին»:

Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ առաջիկայում Գյումրիում երթեր անելու ծրագրեր չունեն, իսկ ինչ վերաբերում է այս անգամ տեղի ունեցած միջադեպին, նա նշեց, որ իրավապահ համակարգը դեռևս հնարավորություն ունի իր գործն անելու, եթե համապատասխան գործառույթներ չիրականացվեն, այդ ժամանակ իրենք կծրագրեն իրենց հետագա անելիքները:

Գյումրու ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանն էլ Armlur.am-ին հայտնեց, որ Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակը համապատասխանում է հետվիրահատական երկրորդ օրվան, հետվիրահատական շրջանն առանց բարդությունների է ընթանում:

Տեղեկացնենք, որ մարտի 28-ին դանակահարված Հրաչիկ Միրզոյանը վիրահատվել է, հեռացվել է նրա փայծաղը: Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով, այն է` առողջությանը ծանր վնաս հասցնելը:




Լրահոս