Երեկ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է` այլ աշխատանքի անցնելու նպատակով: Իսկ Կոտայքի նոր մարզպետ է նշանակվել Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը Կարապետ Գուլոյանին ներկայացրեց Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին: «Ժողովուրդ»-ը երեկ մի քանի հարց է ուղղել Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանին:
-Պարո՛ն Գուլոյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնից հետո Ձեզ նշանակելու են Կոտայքի մարզպետ:
-Այո՛:
-Իսկ Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակել:
-Իսկ արժանի չե՞մ, իմ աշխատանքի շնորհիվ է դա եղել: Ես նորմալ աշխատել եմ ու երկու անգամ ընտրվել եմ քաղաքապետ, կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ես փորձ ունեմ:
-Գուցե Ձեր նշանակումը պայմանավորված է Ձեր հայրիկի՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի կամ Ձեր աներ-հայրիկի՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործոնո՞վ:
-Ո՛չ, գործոն չի եղել, իշխանությունները առաջարկել են, իսկ ես էլ չեմ հրաժարվել:
-Իսկ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ՀՀ իշխանությունների հետ, նշվում է, որ նպատակ ունեք անդամագրվել հանրապետական կուսակցությանը:
-Շատ նորմալ, նման բան չկա, ես անկուսակցական եմ, այս պահին անկուսակցական էլ մնալու եմ: Նախ պետք է առաջին հերթին ծանոթանամ մարզին, բոլոր բնագավառներին, որից հետո 100 օր անց կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին: Խնդրում եմ՝ սպասեք 100 օր:
-Ո՞վ է Ձեզ փոխարինելու Աբովյանի քաղաքապետի պաշտոնում, արդյո՞ք տեսնում եք Ձեր «ժառանգորդին»: Նշվում է, որ այս պահի դրությամբ ամենահավանական թեկնածուն Արթուր Հարությունյանն է՝ Պալաչը:
-ՀՀ յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքն է իր թեկնածությունը առաջադրել ՏԻՄ ընտրություններում: Ով կառաջադրի, կընտրվի, ես ձեռքը կսեղմեմ: Առաջադրումներից հետո կասեմ իմ կարծիքը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ