Չեմ հասկանում, չե՞ք կարդացել զեկույցը. Նիկոլ Փաշինյանը` Վարդան Այվազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում գազի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի քննարկման ժամանակ կարծիքների բախում սկսվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հիմնական զեկուցող Վարդան Այվազյանի միջև:

«Հաշվետվությունից իմանում ենք, որ նկարներ կան, տարբեր բույսեր կան, որ դրանց արժեքը սակագնի մեջ ներառված է: Խնդիրն այն չի, որ որևէ ձեռնարկություն չի կարող նկար առնել, բայց խնդիրն այն է, որ կարող է` ինչ-որ ձեռնարկություն ուզում է միջանցքում Վան Գոգի նկարը կախած լինի կամ Պիկասոյի: Բայց դա չի նշանակում, որ սպառողը պետք է դրա համար վճարի», -իր խոսքն այսպես նշեց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաև 2014թ. միջանկյալ զեկույցին, որտեղ, պատգամավորի խոսքով, դեռ պետք է ուսումնասիրվեր «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների ավելացումը և 109 հազարով աշխատավարձի բարձրացումը: «Հիմա ասում եք, ինչքան ուզի կտա: Բա որ այդպես է, ինչո՞ւ էիք անցյալ անգամ գրել, որ դեռ պետք է հիմնավորվի: Հիմա էս զեկույցում որևէ կերպ չեք հիմնավորել, բանավոր խոսքում էլ ասում եք` իրենց գործն է: Զեկույցում նշված է, որ իրանական գազի գները ցածր են Ռուսաստանից, բա ինչո՞ւ ենք մենք Ռուսաստանից գազ գնում, ոչ թե Իրանից: Ես տպավորություն ստացա զեկույցից, որ մենք չենք կարող երաշխավորել, որ գազային հաշվիչները ճիշտ են երաշխավորում, ես այստեղ այդպիսի պնդում չտեսա: Դուք էլ մասամբ ընդունեցիք, որ մենք չգիտենք, թե մեր տանը որքան կալորիայի գազ է հասնում», – նշեց նա:

Ի պատասխան` Վարդան Այվազյանը նշեց, որ բույսերի և նկարների հարցը ընդգրկված չէ ընդհանրապես որևէ տեղ: «Աշխատողների թվաքանակի բարձրացման հիմնական պատճառը սպասարկվող սուբյեկտների կամ սպառողների թվաքանակի ավելացմանը զուգընթաց է գնացել: Աշխատավարձի կարգավորման որևէ մեկ լծակ չունենք մենք: Չկա տենց մի բանաձև, սահմանափակում, որ գրենք մինիմալ աշխատավարձի եռապատիկը, 227 հազար դրամ է: Հիմա դա քիչ է, թե շատ է, գնահատականը դուք տվեք», – հայտարարեց նա:

«Ես գիտեմ, որ Իրանը 189 դոլարից ներքև գին չի առաջարկել ՀՀ-ին: Մի կողմ թողնենք ռազմավարական անվտանգությունն ու մյուս հարցերը: Եթե Իրանը հայտարարի, որ կարող է այդպիսի գնով տա, դա ուրիշ է», – հավելեց նա:

Անդրադառնալով կալորիականության հարցին` նա նշեց, որ Փաշինյանի հարցադրումը ճիշտ է:  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ բան ունի արագանքելու, սակայն ընդամենը ցիտեց զեկույցից մի հատված, ըստ որի` «2012թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել միջոցներ, որոնք ներառվել են գազի սակագնում: Դրանք են նկարներ, բազմամյա տնկիներ, ես ձեզ հարց եմ տալիս, ասում եք չի ներառում: Չեմ հասկանում, չեք կարդացել զեկույցը», – նշեց նա:

«Ոչ թե չեմ կարդացել, այլ զեկույցը մենք ենք կազմել, ու ոչ թե չենք կարդացել, այլ հարյուր անգամ ենք անցել վրայով: Դե որ հասկացաք, շատ ուրախ ենք: Հայաստանում փոխադրման կորուստը 3.15 է», – նշեց նա:

Տեղից, ի պատասխան, արձագանքում էին Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: «Պարո´ն Փաշինյան, ես ձեզ չեմ ասում նորմալ ա, ես ասում եմ այն, ինչ ներկայացված է: Նորմալն ու աննորմալը դուք եք որոշում: Չեմ հասկանում, ինձ եք հավատո՞ւմ, թե՞ թղթին», – եզրափակեց Այվազյանը:




Լրահոս