ԳՅՈՒՄՐԻՆ` ՓՈՇՈՒ ՄԵՋ ԿՈՐԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի՝ 2014թ-ի «ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին» տեղեկանքի՝ Հանրապետության ամենափոշոտ քաղաք է ճանաչվել Գյումրին, որտեղ օդի մեջ փոշու առկայության ՍԹԿ-ն կրկնակի գերազանցում է թույլատրելի նորման:

Ու սա այն դեպքում, երբ քաղաքում շինարարությունը, որը ենթադրաբար կարող էր նպաստել փոշու առկայությանը, նվազել է 70-80 տոկոսով: Այստեղ ծառահատումներ էլ չեն իրականացվել, ինչի արդյունքում կարող էին կրճատվել քաղաքի կանաչ տարածքներն ու այդպիսով հանգեցնել օդում փոշու տեսակարար կշռի ավելացմանը: Եվ ուստի հարց է առաջանում՝ ինչի արդյունքում է քաղաքում փոշին ավելացել:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Գյումրիում Շիրակի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն գերմանական KFW վարկային ծրագրի հետ համատեղ սկսեց իրականացնել քաղաքի ջրագծերի նորացման աշխատանքները, ինչի արդյունքում քանդվեցին քաղաքի փողոցների մեծ մասը, եւ սկսվեց նոր ջրագծերի անցկացումը: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ նոր ջրագծեր անցկացնող ընկերությունները, որոնք երկուսն են, պարտավորվել են իրենց աշխատանքները իրականացնելուց հետո փողոցները բերել նախկին վիճակին, սակայն այդ պարտավորությունները միայն թղթի վրա են մնացել, քանի որ լավագույն դեպքում քանդված փողոցներում միայն հողալցում է իրականացվում եւ վերջ: Իսկ բաց հողն էլ արդեն քամու կամ տրանսպորտի շարժի արդյունքում վերածվում է փոշու (անձրեւային եղանակներին էլ գրեթե անանցանելի ցեխակույտերի):
Արդեն երեք տարի իրականացվող այս աշխատանքների ընթացքում մի անգամ չէ, որ Գյումրու կիսավեր փողոցների խնդիրը բարձրացվել է: Սակայն իրավիճակի փոփոխությունը զրոյական էր: Բանն այնտեղ հասավ, որ նույնիսկ քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնվեցին ցեխակույտերի թակարդում ու դրանից հետո քաղաքապետ Ս. Բալասանյանն իր մոտ խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցեցին նաեւ ջրագծերն անցկացնող ընկերությունների ներկայացուցիչները: Հավաքվեցին, խոսեցին, քաղաքապետն էլ զայրացավ, հայտարարեց, որ եթե քաղաքի փողոցներն իրենց նախկին տեսքին չբերվեն, ապա ինքը կարգելի ջրագծերի հետագա անցկացումն ու վարկային ծրագիրը կդնի հարցականի տակ:
Դրանից հետո ինչ-ինչ աշխատանքներ իրականացվում են ծայրահեղ վիճակում գտնվող փողոցներում, սակայն մեծ հաշվով քաղաքում փոշին չի վերացել, ու եթե այս տեմպերով շարժվեն, հավանաբար այս տարի էլ Գյումրին կարժանանա ամենափոշոտ քաղաքի ոչ պատվաբեր տիտղոսին:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս