Չնայած նախազգուշացումներին, թե ծխելը վնասակար է առողջությանը, այնուամենայնիվ, երկրագնդի բնակչության մեծ մասը շարունակում է ծխել` գիտակցելով դրա վտանգավոր ազդեցությունը: Հայաստանը ծխող տղամարդկանց թվով Եվրոպայում գրավում է առաջին տեղերից մեկը. խոսքը 50, նույնիսկ 60 տոկոսի մասին է: Այն դեպքում, երբ քիչ թե շատ զարգացած երկրներում չափահաս ծխողների թիվը կրճատվում է: Փոխարենը ծխող դեռահասների քանակը, ի տարբերություն, օրինակ, եվրոպական երկրների, ՀՀ-ում այդքան էլ բարձր չէ: Մեկ այլ վիճակագրական տվյալ եւս. հայկական գյուղերում ծխող դեռահասների թիվն ավելի մեծ է, քան քաղաքներում: Վերջին շրջանում նկատում ենք, որ ակնհայտորեն ավելացել է նաեւ ծխող աղջիկների թիվը:
ՀԱՐՑ. Ծխո՞ւմ եք, թե՞ ոչ: Եւ ինչպե՞ս եք վերաբերում կանանց ծխելուն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծխել եմ, բայց հիմա չեմ ծխում: Դա կանանց իրավունքն է՝ կծխեն, թե ոչ: Ընդհանրապես մի բան կարող եմ ասել, որ ծխելն ախմախ բան է, եւ խորհուրդ կտամ՝ չծխեն ու հետեւեն իրենց առողջությանը, քանի որ առողջությունից թանկ բան չկա:
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության
հարցերի նախարար
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, ծխում եմ: Երբեւէ չեմ փորձել դադարել ծխել: Արդեն 40 տարի է: Եթե կանայք շատ ծխեն եւ չարաշահեն չափաբաժինը, իհարկե, բացասական եմ մոտենում, իսկ եթե երբեմն-երբեմն են փորձում, նորմալ է:
ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես համարյա թե չեմ ծխել: Իմ ծխած սիգարետների քանակը չի անցնի տասը հատիկից: Չեմ ծխել, որովհետեւ տասը տարեկանից մինչեւ հիմա զբաղվում եմ սպորտով: Երբ կանայք ծխում են, ինձ հաճելի չէ, բայց բախտս բերել է՝ ինձ շրջապատող կանայք չեն ծխում: Ծանոթուհիներս էլ, եթե ծխող են, իմ ներկայությամբ աշխատում են դա չանել: Ու սա իմ շնորհքը չէ, այլ իրենց քաղաքավարությունը:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներ” կուսակցության
նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ ծխում, միայն ժամանակ առ ժամանակ փորձել եմ, բայց ոչ հիմա, անցյալում է եղել: Պարբերական ծխող չեմ: Ուսանողական տարիներիս վերջն էր, երբ փորձեցի ծխել: Ասեմ, որ ընդհանրապես ծխելուն վատ եմ վերաբերում, իսկ կանանց ծխելուն՝ շատ ավելի վատ:
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆ
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական
հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չեմ ծխում, մեկ-մեկ հնարավոր է՝ սիգար ծխեմ, դա էլ ուղղակի հենց այնպես: Փոքր տարիքում փորձել եմ ծխել, բայց չեմ շարունակել: Չեմ սիրում ուղղակի: Իսկ ինչ վերաբերում է կանանց ծխելուն, ապա հաճելի չէ, երբ կինն է ծխում, լավ կլինի, որ չծխեն:
ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Wdf Docando ֆեդերացիայի նախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ