Ապրիլի 20-29-ը Երևանում կանցկացվի «Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնը` «Գրական տապան. ապրիլ» ծրագիրը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կկրի «Խոսքը հանուն կյանքի» խորագիրը: Գրական այս նախաձեռնությունն ընթերցասեր հանրությանը կծանոթացնի Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված օտարալեզու ստեղծագործություններին, որոնց հեղինակներին էլ կհյուրընկալի փառատոնը:
«Գրական տապան. ապրիլի» կմեկտեղի հայ և օտարազգի գրողների ստեղծագործ գաղափարները՝ ուղղելով դեպի Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր մտավորականների խոսքի ու գրի հանրահռչակմանը։ Ապրիլի 21-ին նախատեսված է համատեղ գրական ընթերցում. հայ և օտար գրողները կընթերցեն Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհարապի, Ռուբեն Սևակի և եղեռնի զոհ մեր մյուս գրողների ստեղծագործություններն ու դրանց թարգմանությունները: Այս ձեռնարկով Հայաստանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը:
«Գրական տապան. ապրիլ» փառատոնը կհյուրընկալի միջազգային գրական աշխարհում հեղինակություն ունեցող մտավորականների, ինչպիսիք են Թոմաս Հարթվիգը, Մելինե Թումանին, Յուրգեն Յանկովսկին, Մարկ Մուստյանը, Մարկ Մորտեն և այլոք: Այս գրողները ստեղծագործել են նաև Հայոց ցեղասպանության թեմայով, նրանց գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ միջազգային հանրությանն իրազեկելով 20-րդ դարասկզբի մարդկային մեծագույն հանցանքի մասին։ Այդ գրքերի մի մասը թարգմանվել է նաև հայերեն, մասնավորապես` Մարկ Մուստյանի «Ժանդարմը» գիրքը, որի շնորհանդեսները նախատեսված է «Գրական տապանի» օրերին։
Փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բերնար Վերբերը, որի պատմվածքների հայերեն թարգմանությունը կներկայացվի ընթերցողին:
«Գրական տապան. ապրիլին» հյուրընկալված մտավորականները կմասնակցեն ապրիլի 22-23-ին Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որի ընթացքում կազմակերպվող «Ցեղասպանությունը գրականությունում» տաղավարում կներկայացնեն թեմային վերաբերող իրենց գրքերը:
Մտավորականները կանցկացնեն վարպետության դասեր, հայ ուսանողներին կներկայացնեն ժամանակակից գրական աշխարհի միտումներն ու զարգացումները։ Ավանդույթի համաձայն՝ նրանք կմասնակցեն կլոր սեղանների, քննարկումների, մշակութային այլ նախաձեռնությունների։
Փառատոնի հյուրերը կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ,կծանոթանան մեր պատմամշակութային ժառանգությանն ուը, ավանդույթներին
Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն իրականացնումէ Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարոգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: