Սոչիի իշխանությունները հրամայել են ապամոնտաժել Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվական վահանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Սոչիում (որը հայկական Սփյուռքի ամենամեծ համայնքներից է) տեղադրված տեղեկատվական վահանակները, որոնք ներկայացնում էին 1915-ի դեպքերը, տեղի ոստիկանության հրամանով `ամբողջությամբ պետք է ապամոնտաժվեն: Այդ մասին հայտնում է «Վեստի Կավկազա» էլեկտրոնային պարբերականը:

Նման որոշում կայացվել է ՌԴ ներքին գործերի վարչության նիստի ժամանակ, որին մասնակցել են նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: Բացի այդ, տեղական իշխանությունները արգելել էին ապրիլի 18-ին պլանավորված հիշատակի արարողությունները, որոնք պետք է կայանային Սոչիի նավահանգստի հրապարակում:

Սոչիի ՆԳՎ ղեկավարի պաշտոնակատար Օգուրցովը, ով ստորագրել է այդ որոշումը, հայտնել է, որ ապրիլի 24-ին Սոչիում, Վոլկոնկեում, Նոր Լուիսեում և հայ առաքելական եկեղեցիներում նախատեսված են հիշատակի հավաքներ: Միաժամանակ, նա զգուշացրել է, որ նախատեսված ժամերի, օրերի և ձևաչափերի յուրաքանչյուր խախտում առաջ է բերելու  քրեական հետապնդում` որպես ծայրահեղական և ահաբեկչական գործողություններ:

Ռուսաստանում տպագրվող հայկական «Երկրամաս»  պարբերականը նշում է, որ ռուսական իշխանությունների նման որոշումը առաջ է բերել հայկական կողմի դժգոհությունը:

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ապրիլի 24-ի խորհրդանիշով տեղեկատվական վահանակը դիտարկվել որպես ահաբեկչություն»,-ասում է Սոչիում հայ երիտասարդների «Ազգային հիշողություն» կոնգրեսի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը:

Նրա խոսքով` իրենք սպասում են այս ամենի մասին Սոչիի քաղաքապետի մեկնաբանությանը` հատկապես ՌԴ նախագահ Վլ. Պուտինի` ապրիլի 24-ին Հայաստան նախատեսված այցի նախաշեմին:




Լրահոս