Վաղը հոկտեմբերի 11-ին, ժամը 17.00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ քննարկվելու է “Հարսնաքարում” դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած ռազմաբժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ-փաստաբանների բողոքն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` նրանց միջնորդությունները մերժելու և գործն առանց պատշաճ քննության դատարան ուղարկելու մասին որոշումների համար:
Ինչպես արդեն հայտնել է “Հայկական ժամանակ”-ը, եթե դատարանը բավարարի այս բողոքը, “Հարսնաքարի” գործով դատավարությունը կանգ կառնի, և նյութերը կվերադարձվեն նախաքննության փուլ: Թերևս, հենց այս պատճառով է, որ գործը վարող քննչական խմբի ներկայացուցիչները նյարդային վիճակում են: Նախօրեին Քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ում այս գործով քննչական խմբի անդամ Ռուբեն Վարդանյանը բռնություն է գործադրել Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Թերթի թղթակցին Եգորյանը փոխանցել է, որ քննիչ Վարդանյանը հրել է իրեն քննչական գործողությանը մի քիչ ուշացումով ներկայանալու համար: