Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները. Փարիզի Փաստաբանների պալատի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև փաստաբանական գործունեության հիմնահարցերին նվիրված միջոցառումների կապակցությամբ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ: Այդ մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատը:

Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգել են 1915թ. անմեղ զոհերի հիշատակը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է գործընկեր երկրներից ժամանած փաստաբանների ու փաստաբանական միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցը Հայաստան:

«Այսօր մենք մեր գործընկերներին հրավիրել ենք Հայաստան քննարկելու Ցեղասպանության իրավական հետևանքները: Մենք փորձում ենք նաև այս միջոցով օտարերկրյա փաստաբաններին ներկայացնել մեր խնդիրները, փորձել նրանց միջոցով հասնել Ցեղասպանության միջազգային և վերջնական ճանաչմանը»,- նշել է ՓՊ նախագահը:

«Ես շատ հպարտ եմ և ուրախ եմ, որ այսօր Երևանում եմ և սույնով իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին և ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մասնակցությունը նշան է այն բանի, որ մենք կիսում ենք ընդհանուր արժեքները՝ կապված մարդու իրավունքերի հետ և այդ տեսանկյունից շատ հպարտ եմ և ուրախ», ասել է Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուռը:

Հայոց ցեղասպանության իրավական հարթակում միջազգային ճանաչման խնդրի համար Պիեռ Օլիվիեն հավելել է, որ իր կարծիքով, իրավական գնահատականը այս հարցի շուրջ շատ կարևոր է և կարևոր է, որ հարցի բարձրացումը և ներկայացումը հենց իրավական կողմով լինի, ուստիև այս դաշտում է և շատ կարևոր է կապը նաև պատմության հետ:

Հարցին, թե ճանաչելով այս ցեղասպանությունը, հնարավո՞ր է կանխարգելել այլ ցեղասպանություններ, Օլիվիեն նշել է, որ միանշանակ համոզված է, որ դա այդպես էլ կլինի, և մենք այսօր ներկայացնում ենք մի սերունդ, որը ցեղասպանություն տեսած և պատերազմներին հաջորդող սերունդի ներկայացուցիչն է, և այդ տեսանկյունից համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի:

Միջոցառման ընթացքում Ցեղասպանության պատմաիրավական հիմքերի մասին խոսել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը. «Ճանաչման իրավապատմական հետևանքները. Հայոց Ցեղասպանությունը 100 տարի անց» զեկույցով: Բացի բարոյական պահանջատիրությունից ներկայացվել է նաև խնդրի իրավական կողմը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար անհրաժեշտ իրավական փաթեթը մշտապես եղել է Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների, փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ուշադրության կենտրոնում:
Նախաձեռնություն է տարվում ոչ միայն դատապարտման, այլև նման ոճիրների կանխարգելման համար: Մարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Սակայն այս տարելիցը նոր հանգրվան է, որից այն կողմ Հայաստանը իր ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում:

Այսպես կոչված՝ բարոյական իրավունք՝ պայքարելու համայն մարդկության ավելի լավ ու անվտանգ ապագայի համար: Մենք նախաձեռնում ենք սպանությունների դեմ պայքարի միջազգային նոր շարժում: Այն հիմնված է լինելու արդեն իսկ գործած հանցանքների ճանաչման ու դատապարտման վրա և ուղղված՝ ապագայում ցեղասպանությունները կանխարգելելուն: Դատապարտում և կանխարգելում: Ահա այն առաքելությունը, որ Հայաստանը վերցնում է իր վրա, և որին պատրաստ են աջակցել աշխարհի շատ երկրներ ու ազդեցիկ կառույցներ:

Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերի ու մեխանիզմների մասին և մասնավորապես նշել տարբեր երկրների հետ համագործակցելու, միջոցներ ձեռնարկելու և իրավական նորմեր ընդունելու խնդիրները:

Օրինակներ են բերվել բազմակողմ միջազգային պայմանագրերից, իրավական պրակտիայից ինչպես նաև նշվել է պատմական իրադարձությունների արդյունքում ընդունված տարբեր փաստաթղթերի մասին: 1915 թ.-ի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները գրավոր ձևով դիմել են Օսմանյան կայսրության ղեկավարությանը՝ պահաջելով վերջ դնել մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: Առաջին անգամ այս արտահայտությունն այդ փաստաթղթում է ամրագրվել:

Հյուրերը շրջայց են կատարել Փաստաբանների պալատի շենքում, ծանոթացել Փաստաբանական դպրոցի հնարավորություններին և Հանրային շահերի պաշտպանի գրասենյակի գործունեությանը:




Լրահոս