Անցած հինգշաբթի ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ համաձայնագիրը, ըստ որի՝ ՀԱՊԿ անդամ երկիրն իրավունք չունի իր տարածքում տեղակայել երրորդ երկրի ռազմակայան կամ ռազմական ենթակառուցվածք, եթե մյուս երկրները նրան չեն տվել դրա հավանությունը: Շատերին զարմացրել էր, որ համաձայնագրին կողմ քվեարկած պատգամավորների մեջ էին ՀԱԿ անդամներ Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը, քանի որ համաձայնագիրը ներկայացվում է որպես ՀՀ ինքնիշխանության սահմանափակում: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, սակայն, համաձայն չէ այդ կարծիքի հետ. «Համաձայնագիրը ռազմական, պաշտպանական դաշինքի նորմալ տրամաբանությամբ է, երբ ոչ ՀԱՊԿ անդամ երկրի ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է տան իրենց համաձայնությունը»: Իսկ Լ. Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր այդ քայլը պետք է բնական համարել. «ՌԴ-ն մեր կարեւորագույն ռազմավարական գործընկերն է, եւ ես չեմ կարծում, որ կողմնորոշումը դեպի արեւմուտք կամ Ռուսաստան կվտանգի երկրի ինքնիշխանությունը: Երկրի ինքնիշխանության իրական վտանգն այս իշխանություններն են: Մի երկրում, որտեղ ժողովուրդն ընտրությունների միջոցով հնարավորություն չունի իշխանափոխություն իրականացնել, դա ամենամեծ վտանգն է ՀՀ ինքնիշխանության համար: Արեւմուտքն իր լռությամբ խրախուսում է նման ընտրությունները. ունենալով կարեւորագույն կոմպրոմատներ իշխանությունների դեմ՝ նրանք մշտապես կարողանում են հասնել իրենց համար ցանկալի նպատակների: Հիշե՛ք վիկիլիքսյան հայտնի հրապարակումները եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը, երբ նրանք տեղյակ էին բոլոր ընտրակեղծիքներից, բայց այդպես էլ որեւէ վերաբերմունք չհայտնեցին»: Ըստ Լ. Սարգսյանի՝ եթե խոսվում է ՀՀ ինքնիշխանության սահմանափակման մասին, ապա պետք է նույն կերպ խոսվի նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր պետությունների ինքնիշխանության մասին եւս. «Եկե՛ք չմոռանանք, որ ՀՀ-ն ե՛ւ ԱՊՀ, ե՛ւ ՀԱՊԿ անդամ է»:
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ