Գյումրու կենտրոնական հատվածում՝ Ռուսթավելու փողոցում, գտնվող Սուրբ Նշան եկեղեցու հարակից տարածքը 2 ամսից ավելի ողողված Է շինարարական աղբով: Համատարած գարշահոտությունից եւ հակահիգիենիկ վիճակից զատ, աղբի այսչափ առատությունը նպաստում է առնետների բազմացմանը: Տարածքի բնակիչները բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել քաղաքապետարան, բայց արձագանքներ դեռ չկան: Բնակիչները նշում են, որ կենցաղային աղբը թափվում է, բայց շինարարական աղբն այդպես էլ մնում է, ինչից ելնելով էլ՝ ստիպված են եղել օրեր առաջ աղբն այրել:
«Ի՞նչ անեինք, տեսանք՝ աղբը թափող չկա, վառեցինք: Մենք ենք էդ տարածքով անցնողը, մենք ենք էդ գարշահոտությունը շնչողը»,-ասաց տարածքի բնակիչներից տիկին Անահիտը:
Տարածքում աղբամաններ կան, բայց հաճախ աղբ լինում է ոչ միայն աղբամաններում, այլեւ դրանց շուրջբոլորը: Կուտակված աղբի կողքով է հոսում Գյումրի գետակը: Հենց այդ տարածքում՝ մի փոքր հատվածում, այն բաց է, ու աղբամաններից թափվող աղբը լցվում է գետակը: Խնդրի մասին տեղյակ պահեցինք տարածքի աղբահանությամբ զբաղվող «Եղիկյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մկրտչյանին, որը մեր հեռախոսազանգից փոքր-ինչ զայրացավ ու առաջարկեց զբաղվել երկրից հեռացող մարդկանց խնդիրներով եւ ոչ թե տվյալ տարածքի աղբով: Մեզ մնում է հարգարժան աղբահավաքին բացատրել, որ եթե մեր երկրում յուրաքանչյուրն իր գործը բարեխղճորեն կատարի, մարդիկ այլեւս չեն հեռանա Հայաստանից:
Գյումրի