ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնի են դարձել հանրապետության սահմանային կետերում որոշ ժամանակ առաջ հատնաբերված ապրանքների ներկրման արգելանքի պատճառները: Խոսքը մասնավորապես իտալական շոկոլադի եւ պանրի, գերմանական սառեցված լոշիկի կիսապատրաստուկի, նաբաթ շաքարի, նիդերլանդական չոր եւ բանջարեղենի ապուրի ներմուծման արգելքի մասին է:
Փորձեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ճշտել, թե որն է վերոնշյալ ապրանքատեսականու ներմուծման արգելանքի պատճառը:
«Սահմանային վերահսկողության ժամանակ բեռների զննման լաբորատոր հետազոտությունից պարզվել է, որ, իսկապես, այս ապրանքները Հայաստան չեն ներմուծվելու՝ մի շարք հանգամանքներից ելնելով:  Օրինակ՝  «Արմենիա-թրեյդ» ՍՊԸ-ն փորձել է հանրապետություն ներկրել իտալական շոկոլադի տեսականի: Ներկրման պահին մաքսակետում պարզ է դարձել, որ բեռի փոխադրման ժամանակ ջերմային ռեժիմի խախտման հետեւանքով բեռը փչացել է, հալվել է շոկոլադը` կորցնելով ապրանքային տեսքը:
Նույն երկրի արտադրության «Burrata Abbasciano» պանրի լաբորատոր նմուշառումից պարզվել է, որ ապրանքի մեջ առկա են աղիքային ցուպիկներ: Պանրի տեսականու ներկրումը կատարվել է «Սանգրիա» հայկական ընկերության կողմից: Գերմանական սառեցված լոշիկի կիսապատրաստուկն էլ Հայաստան էր ներկրվելու «Կաֆե ցենտրալ» ՍՊԸ-ի պահանջով: Կրկին լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ապրանքատեսականու  պիտանելիության ժամկետն անցած է: Բեռը հետ է ուղարկվել արտահանող երկիր: Իսկ նիդերլանդական ծագմամբ չոր ապուրի եւ բանջարեղենի ապուրի տեսականին մեր երկիր էր ներկրվում Բուլղարիայից: Հետազոտությամբ հայտնի է դարձել, որ այս տեսականին եւս ժամկետանց է: Իսկ բեռը Հայաստան էր ներկրվելու «Մեսրոպ Հարությունյան» ԱՁ-ի եւ «ԱնիՌա» ՍՊԸ-ի պահանջով:
«Սեգա-Ֆաստ» ընկերության կողմից էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից  մեր  երկիր պետք է ներկրվեր նաբաթ շաքար: Լաբորատոր փորձաքննության արդյունքում նմուշներում հայտնաբերվել է, որ աֆլատոքսին B1-ի պարունակությունը բարձր է նորմայից»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերը համակարգող բաժնի պետ Արման Մարգարյանը` հավելելով, որ նշված ամբողջ տեսականին արգելվել է Հայաստան ներմուծել:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Կաֆե ցենտրալ»-ից ճշտել, թե ինչ ֆինանսական եւ բարոյական կորուստներ  է կրել այս ընկերությունը չկայացած ներկրման հետեւանքով: Ընկերության գլխավոր մենեջեր Դավիթ Ռոստոմյանն ասաց. «Մենք պահանջել էինք փոքր խմբաքանակ ապրանքատեսականուն ծանոթանալու համար: Ցավոք, չստացվեց: Իսկ ֆինանսական կորուստներ չենք կրել»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս