Արդեն հայտնի է, թե ով է լինելու WBO վարկածով կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը: Հայազգի բռնցքամարտիկը կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեդի Բուդալայի հետ: Մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 3 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Baden-Arena» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Այնուհետ Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena»-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշեւսկուն` վերանվաճելով WBO վարկածով միջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ օգոստոսի 25-ին Բեռլինի «02 World» արենայում Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին` դառնալով WBO վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն:
ԿՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՏԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ