«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի բժշկական կենտրոններից մեկում օրերս վիրահատել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գյումրիի նախկին քաղաքապետի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ խնդիրը ոտքի անոթների լայնացումն է. «Միգուցե ծանրություն է վերցրել կամ շատ է ոտքի վրա կանգնել, եւ նման խնդիր է առաջացել: Վիրահատությունը արեցինք, ու արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, բերել ենք տուն, ու լավ է զգում իրեն, որեւէ բարդություն չկա»:
Տեղեկացնենք, որ Վարդան Ղուկասյանը նախկինում էլ երկու անգամ վիրահատվել էր, երբ դաժան մահափորձի ենթարկվեց: 2007 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում մի ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես-600» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ: Ավելի ուշ նախկին քաղաքապետը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ ենթարկվել վիրահատության»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: