ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԴԵՌ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կեսօրին, «Ժողովուրդ»-ի լրագրողը լուսանկարել եւ տեսանկարահանել է, թե ինչպես են ԱԺ շարքային պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող 099 oo 01 եւ 991 oo 11 համարանիշերով երկու մեքենաները, իրար «կպած», սլանում Գարեգին Նժդեհի հրապարակից մինչեւ Խանջյան փողոց: Մեր մեքենան փորձեց մի քանի անգամ վազանց կատարել ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Գրիգորյանի մեքենաներին, սակայն արգելեցին «մտնել» իրենց շարքը: Ակնհայտ երեւաց այն, ինչն օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկարագրել ու դատապարտել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. Գրիգորյանը շրջում էր թիկնապահանման բարքեր դրսեւորող մեքենայի ուղեկցությամբ, ընդ որում՝ երկու մեքենաների վրա էլ ԱԺ պատգամավորի համարանիշեր էին:
Իհարկե, այս տեսարանը Հայաստանի համար նորություն չէ, եւ Գրիգորյանը միակ գործարար պատգամավորը չէ, որ շքախմբով է շրջում, պարզապես Սերժ Սարգսյանն է հրահանգել երկրի երեսից վերացնել թիկնապահներին: ՀՀ ոստիկանության ՊՊ գլխավոր վարչությունից էլ մեզ հայտնեցին, որ Գրիգորյանը պաշտոնապես թիկնապահներ չունի: Փորձեցինք զրուցել նաեւ ԱԺ պատգամավորի հետ, սակայն պատասխանեց վարորդ ներկայացած մի մարդ՝ վստահեցնելով, թե Գրիգորյանը թիկնապահներ չունի. «Մենակ իմ հետ ա ֆռում»: Այդ դեպքում հարց է առաջանում. ո՞վ է լուսանկարում երեւացող մեքենաների տերը:




Լրահոս