ՁԵՎԱՊԱՇՏ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար շատերն են հիշում, թե ինչպիսի միջքաղաքային ու միջգերատեսչական «պատերազմ» էր սկսվել հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի երկու` «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարների տեղափոխման շուրջ: Քայքայման վտանգի առաջ հայտնված  այդ որմնանկարները ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվեցին Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ-ին, սակայն դրանք Գյումրուց դուրս բերելու գործընթացը վերածվեց իսկական համազգային հարցի: Գյումրու հասարակական կազմակերպություններն ու քաղաքային իշխանությունները, մտավորականությունն ու հասարակ քաղաքացիները, բոլորը մի մարդու պես պնդում էին, որ Մինասի որմնանկարները պատկանում են Գյումրուն, եւ որ կառավարությունը փորձում է Գյումրվա մշակութային ժառանգությունը թալանել` տուրք տալով արգենտինացի մեծահարուստի քմահաճույքին: Թե ինչպես եւ ինչով ավարտվեց այդ պատմությունը, հայտնի է: Միակ լավ բանը, որ եղավ գյումրեցիների համար, այն էր, որ դրանից հետո կառավարությունն ու քաղաքի իշխանությունները վերջապես ուշադրություն դարձրեցին գեղանկարչի թողած ժառանգության վրա, եւ գյումրեցիների «սիրտը շահելու» համար որոշեցին «Հայկական հովվերգություն» եւ «Գորգ են գործում» որմնանկարները վերականգնել ու ամրացնել Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում եւ Շիրակի մարզի հուշարձան շենքերից մեկի սրահում: Կառավարության նիստում մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշեց, որ դրանցից բացի, փրկության ենթակա են Մինասի եւս 4 որմնանկար, իսկ վարչապետն էլ ցավելու` իրեն հատուկ ոճով հայտարարեց. «Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել»: Սակայն այս ամենից ընդամենը մեկ տարի անց պարզվում է, որ Գյումրու քաղաքապետարանը չի պատրաստվում վճարել այդ «ցանկացած գինը», իսկ ավելի կոնկրետ` «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման համար անհրաժեշտ 55 միլիոն դրամի` իր կողմից պարտավորված մասից շուրջ 12 միլիոն դրամը: Արդյունքում որմնանկարի ռեստավրացիայով զբաղվող իտալացի մասնագետները երկու օր առաջ հեռացել են, ու եթե անգամ քաղաքապետարանը վերջապես վճարի էլ այդ գումարը, իտալացիներն այլեւս չեն վերադառնա, իսկ ռեստավրացիան ստիպված կլինեն ավարտին հասցնել հայ մասնագետները: Եւ դա այն դեպքում, երբ  «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանի խոսքով, հիմնական աշխատանքները պետք է կատարվեին վերջնական փուլում` տեղափոխվելուց հետո, իսկ հիմա. «Ոչ ոք չի կարող ասել, թե եղանակային պայմաններն ինչպիսին կլինեն, եւ ինչ արդյունք կստանանք»: Ահա այսպիսի իրավիճակ, սակայն, չգիտես ինչու, Գյումրու հասարակական կազմակերպությունները, մտավորականները եւ մինասասեր գյումրեցի հանրությունը նույն սկզբունքայնությամբ չեն բողոքում եւ չեն պահանջում ավարտին հասցնել Գյումրու մշակութային ժառանգության այս արժեքավոր բաղադրիչի վերականգնումը: Ինչպես միշտ, այստեղ էլ մեզ ավելի շատ հետաքրքրում է ձեւը, քան բովանդակությունը: Մանավանդ որ քաղաքապետի ընտրություններն էլ ավարտվել են:




Լրահոս