«ԳՈՄԵՇԻ ՄՍԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆ-Ի ԳԱՂՏՆԻՔՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ քննչականի վարույթում գտնվող «գոմեշի մսի» գործը վերջին օրերին կրկին սկսեց  լայնորեն քննարկվել: Ու թեեւ Սերժ Սարգսյանն ասել էր «մեծ ձկներից» սկսել, դեռ ՊՆ-ի որսած ամենամեծ ձուկը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է: Արդյոք «գոմեշի մսի» պատմության մեջ խառնված չեն հայրենի գեներալիտետի ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի գեներալների հետ:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, հայտնի «գոմեշի» մսի ներկրման հետ կապված՝ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:
-Այդ հարցը պետք է տալ զինվորական դատախազությանը, որոնք պետք է քննություն իրականացնեն՝ այդ ամենի հետ կապված: Միայն իրենք կարող են ասել, թե ովքեր են այդ ամենի մեղավորները, եւ ով կապ ունի այդ ներկրման հետ:
-Ձեր պաշտոնավարման տարիներին ե՞ւս գոմեշի միս է մատակարարվել բանակին:
-Ո՛չ, այդպիսի բաներ չեն եղել: Իմ ղեկավարման տարիներին նման դեպք, իհարկե, չի եղել: Միայն նշեմ, որ դա շատ վատ երեւույթ է, եւ դրա մասին գնահատականը նախագահն արդեն տվել է: Իսկ ովքեր որ մեղավոր են, պետք է պատասխան տան:
-Ուզում եք ասել, որ հայ զինվորին մշտապես անորակ մթերք չի՞ «մատուցվել»:
-Գիտեք, բանակում… չգիտեմ՝ վերջին դեպքերի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, բայց այն ժամանակներում՝ ո՛չ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին եւ ո՛չ էլ իմ, այդպիսի երեւույթներ չեն եղել:
-Այսինքն՝ սա նո՞ր երեւույթ է:
-Նոր երեւույթ (ծիծաղում է-Ս. Գ.), Դուք արդեն հարցին պատասխանեցիք: Այո՛, այդպիսի երեւույթներ առաջ չեն եղել, այդպիսի երեւույթի մասին մենք առաջին անգամ ենք լսում:

Գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ  ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (Կոմանդոս)
-Պարո՛ն Տեր-Թադեւոսյան, գոմեշի մսի մատակարարման հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք, ըստ Ձեզ՝ ի վերջո, գեներալներն ինչ-որ կապ ունեցե՞լ են դրա հետ:
-Դա պաշտպանության նախարարության գաղտնիքն է, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել. դրա մասին միայն իրենք գիտեն:
-Իսկ հավատո՞ւմ եք, որ դրանում գեներալների «մատն» է խառը:
-Ի՞նչ ասեմ (ծիծաղում է-Ս. Գ.): Դրա մասին ոչինչ չեմ ուզում խոսել:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ շուտ չէր բացահայտվում, որ հայոց բանակում այդպիսի իրավիճակ է տիրում:
-Հայաստանում այնպիսի բաներ են կատարվում, իմ կարծիքով՝ սա դեռեւս ամենավատ բանը չէ: Այնպիսի բաներ են կատարվում այսօր, որ ոչ բոլորին է հայտնի, մենք էլ չենք իմանում՝ ինչ կա, ինչեր են տեղի ունենում:
-Ի՞նչ եք կարծում, նախկինում ե՞ւս հայոց բանակում նման երեւույթներ են եղել:
-Ես չեմ կարող ասել, ես ինչ բանակից դուրս եմ եկել, ուրիշ ոլորտում եմ, քանի մարդիկ են փոխվել, թե ինչ են արել, ես տեղյակ չեմ:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ ՀԱՅԿԱԶ ԲԱՂՄԱՆՅԱՆ
-Պարո՛ն Բաղմանյան, անվերջ քննարկվում է հարցը, թե ովքեր են եղել այն մարդիկ, որոնք գոմեշի միս են ներկրել ու մատակարարել հայոց բանակին:
-Էդ հարցերը ինձ մի՛ ուղղեք, քանի որ ես այդ ամենի հետ ընդհանրապես կապ չունեմ, դա իմ ծառայությունը չէ: Ես ոչ մի բան չգիտեմ՝ գոմեշի մսի ներկրման հետ կապված, ոչ մի բան: Ինչ-որ Դուք գիտեք՝ դրա հետ կապված, էդ էլ ես գիտեմ, ոչ մի բանից ավելի տեղյակ չեմ:
-Ինչո՞ւ է այդ հարցը կապվում գեներալների հետ:
-Ես արդեն նշեցի, որ դրանք իմ ծառայությունները չեն, ես ընդհանրապես կապ չունեմ, ես տեղյակ չեմ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ավելի շուտ չէր բացահայտվում այդ գործը:
-Այդ հարցն ինձ մի՛ ուղղեք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս