ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի շարք խողովակներով, մերձավոր մարդկանց միջոցով դիմել է ԲՀԿ-ական ձեռնամխելի դարձած պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ նրան աջակցելու պատրաստակամությամբ, սակայն առայսօր ոչ մի արձագանք չի եղել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ օմբուդսմենը՝ ենթադրելով, որ պատճառն իրենց կառույցի նկատմամբ անվստահությունն է:
-Պարո՛ն Անդրեասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
-Որպես օմբուդսմեն՝ երկու աշխատանքային ուղղություն ունեմ. մեկը քրեական գործերով` խոսքը վերաբերում է նյութական իրավունքի նորմերին, այսինքն՝ մարդը մեղավոր է, թե ոչ, ապացույցներն արժանահավատ են, թե ոչ, մյուսը դատավարական կողմն է, այսինքն՝ մարդուն տրվել է հնարավորություն՝ պաշտպանելու իր իրավունքները որպես մեղադրյալ, տուժող կամ կասկածյալ: Պետք է ասեմ, որ օրենքն օմբուդսմենին խստիվ արգելում է գործի նախաքննության կամ դատաքննության ընթացքում կամ մինչեւ գործի ավարտը որեւէ մեկնաբանություն տալ նյութական իրավունքի մասով: Իսկ ինչ վերաբերում է դատավարական խնդիրներին, ապա պետք է նշեմ, որ այս խնդրի հետ կապված՝ մենք որեւէ բողոք առայսօր չենք ստացել ո՛չ Վարդան Օսկանյանից, ո՛չ էլ իր ներկայացուցիչներից:
-Այս ժամանակահատվածում գործի ընթացքի հետ կապված որեւէ իրավախախտում չե՞ք հայտնաբերել:
-Մենք չենք կարող հայտնաբերել, քանի որ այդ մասին չի հայտնում այն կողմը, որն ունի խնդիրներ: Մոտեցումը մեկն է. քաղաքացին պետք է մեզ այդ մասին հայտնի, որ մենք աջակցենք նրան: Կրկնում եմ՝ որեւէ դիմում-բողոք չենք ստացել, ինչպես նաեւ հետեւել ենք մամուլին եւ չենք գտել դատաիրավական խախտման որեւէ նման դեպք:
-Դուք անձամբ դիմե՞լ եք պարոն Օսկանյանին:
-Անձամբ չեմ դիմել, բայց մի շարք խողովակներով, իրեն մերձավոր մարդկանց միջոցով, ինչպես նաեւ հրապարակային հայտնել եմ մեր ինստիտուտի աջակցությունը Վարդան Օսկանյանին ե՛ւ որպես քաղաքացի, ե՛ւ որպես մեր կողմից հարգված մարդ, ե՛ւ որպես հանրահայտ գործիչ:
-Արձագանք չի՞ եղել:
-Ո՛չ:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:
-Ենթադրություններ պետք է անեմ, ինչը շնորհակալ գործ չէ: Մի տարբերակով հնարավոր է, որ նյութական իմաստով իրենք գիտեն, որ օրենքը մեզ թույլ չի տալիս միջամտել, երկրորդ՝ հնարավոր է, որ խախտումներ չեն եղել, եւ չեն դիմել, բայց նաեւ հնարավոր է, որ կան խախտումներ, բայց իրենք նպատակահարմար չեն գտնում մեր ինստիտուտի միջոցով իրենց իրավունքները պաշտպանել:
-Ինչո՞ւ, չե՞ն վստահում:
-Դուք ուզում եք, որ ես եռակի ենթադրությո՞ւն անեմ. կարծում եմ, որ առաջինը՝ չեն դիմել, քանի որ «չեն վստահում», բայց եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչու չեն դիմել, այդ հարցով դիմե՛ք իրեն կամ իր ներկայացուցչին:
Հ.Գ. Վ. Օսկանյանը երեկ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս