Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվի հունվարից մինչեւ մարտ ամիսը ներառյալ` Հայաստանում մանրածախ առեւտրով զբաղվել է 11 հազար 770 տնտեսվարող: Անցած տարի նույն ժամանակահատվածում մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարողների թիվը կազմել է 11 հազար 264 տնտեսվարողներ:
Այսինքն վերջին մեկ տարում մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարողների թիվն ավելացել է 506-ով: Սակայն նույնիսկ նման տվյալների պայմաններում անգամ մանրածախ առեւտրով զբաղվող ընկերություններում աշխատողների թիվն անցած մեկ տարում զգալի նվազել է: 2014-ին մանրածախ առեւտրով զբաղվող ընկերություններում ընդհանուր աշխատել է 35 հազար 726 մարդ, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 34 հազար 998:
Այսինքն, մանրածախ առեւտրով զբաղվող ձեռնարկություններում աշխատողների թիվը վերջին մեկ տարում նվազել է 728-ով: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարողների թվի կտրուկ աճի պայմաններում՝ ընդհանուր շրջանառությունը գրեթե չի փոխվել՝ 2014-ի առաջին եռամսյակում այն կազմել է 192 միլիարդ 89 միլիոն 200 հազար դրամ, իսկ այս տարի կազմել է 192 միլիարդ 90 միլիոն 700 հազար դրամ:
Ստացվում է անցած տարվա համեմատ ավելացած մանրածախ առեւտրով զբաղվող 506 տնտեսվարողների շնորհիվ ընդհանուր շրջանառությունն ավելացել է ընդամենը մեկուկես միլիոն դրամով: Սա այն դեպքում, երբ նույնիսկ ամենափոքր կրպակն մեկ ամսում առնվազն 400-ից 500 հազար դրամի շրջանառություն է ունենում: Այսինքն, ստացվում է, որ հին խանութների շրջանառությունը նվազել է: