ԲՀԿ նախագահն այցելել է Գյումրիի վերակազմավորված թիվ 33 ընտրատարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՀԿ վերակազմավորված թիվ 33 ընտրատարածքային կուսակցական կազմակերպության պատասխանատուների հետ։ Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:

Կուսակցության նախագահը եւ ընտրատարածքի պատասխանատուները քննարկել են ներկուսակցական եւ կազմակերպական մի շարք խնդիրներ։ ԲՀԿ նախագահը պատասխանել է թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուների բազմաթիվ հարցերին՝ ներկուսակցական եւ ներքաղաքական խնդիրների հետ կապված։ Քննարկվել են նաեւ Գյումրի քաղաքին եւ նշյալ ընտրատարածքի համայնքներին առնչվող կոնկրետ խնդիրներ։ Մասնավորապես՝ Ախուրյանի, Ամասիայի եւ Աշոցքի ԲՀԿ պատասխանատուներն առաջարկել են օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք առնչվում են նաեւ կոնկրետ իրենց համայնքներին՝ մինչ խորհրդարանում քննարկելը՝ քննարկել նաեւ համայնքների բնակիչների հետ. մասնավորապես՝ համայնքների խոշորացման մասին օրենքը։

Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաեւ կուսակցության քաղաքական խորհրդի մոտեցումները ներքին եւ արտաքին մի շարք հիմնահարցերի, ինչպես նաեւ տնտեսական խնդիրների վերաբերյալ։ Ընտրատարածքի պատասխանատուներն առաջարկել են առաջիկայում կազմակերպել հանդիպում Գյումրիի եւ հարակից համայնքի բնակիչների հետ։

ԲՀԿ նախագահին է հանձնվել նշյալ ընտրատարածքից կուսակցությանն անդամակցելու մի քանի տասնյակ դիմում։




Լրահոս