Ազգային ժողովում «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն անդրադարձավ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե այս օրենքի համար կարող է ինչ-որ մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ ուղարկել:
Նշենք, որ եկամտային հարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է շահութահարկի 5 տոկոս և եկամտահարկի 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանք են կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս:
«Ես կողմ եմ քվեարկել, ավելին քննարկել ենք նաև խմբակցությունում, նաև ներկայացրել այս գաղափարը, և մտահոգություն, այո, կա: Ես սև ու սպիտակ չեմ նայում, կարող եմ ասել, որ գաղափարը լավն է, բայց այն դրույթները, որոնք տեղադրված են օրենքում, վարչարարական և այլն, կարող են վնասել»,-ասաց նա և նշեց, որ ում ուզում եք նամակ ուղարկեք, Պուտինին և այլն, կարևորը սև ու սպիտակ չնայել հարցին: