Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Նշենք, որ նախագծով արտերկրում պայմանագրով աշխատող հայերը պետք է Հայաստան 13% եկամտահարկ մուծեն:
Հրանտ Բագրատյանը վարման կարգով խոսելու ժամանակ հայտարարեց, որ այս նախագիծը չի համապատասխանում ԵՏՄ-ի կանոններին: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ երեկ կառավարությունը չտվեց իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչ է տալու այս օրենքը և այլն, և հիմա քվեարկելու են ձեռնպահ:
ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ իրականության մեջ այս նախագիծը լավն է, սակայն սխալ է ներկայացվում, ու բացասական ազդեցություն կա արդեն հանրության մոտ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու և դժգոհեց, որ այն ուշ է բերվել խորհրդարան՝ հնարավորություն չտալով քննարկել այս լուրջ նախագիծը:
Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց. «Խորհուրդ եմ տալիս այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գնահատականներ չտալ այն քաղաքական ուժերին, ովքեր առաջնորդվում են իրենց սկզբունքներով և իրենց տեսլականներով և կոչ չանել արժանապատվությունների և այլնի, յուրաքանչյուր քաղաքական ուժ գնահատում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Եթե կան ուժեր, որ սխալ են հասկացել այս նախագիծն ու այլ կերպ են քվեարկելու, դա չի նշանակում, որ պիտի մոլորեցնեն հանրությանը»:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հորդորեց, որ արժանապատվության մասին խոսի նա, ով այն ունի: «Կոռեկտ արտահայտվեք, որպեսզի կոռեկտ պատասխաններ ստանաք»,-նշեց նա: Ի վերջո հարցը դրվեց քվեարկության ու առաջին ընթերցմամբ ընդունվեց 65 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: