Գագիկ Ծառուկյանի ընկերությունները սկսել են ավելի քիչ հարկեր վճարել. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող 15 ընկերություններ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշորագույնների մեջ ծառուկյանական բիզնեսների թիվը մեկ-երկուսով ավելի շատ էր (1000 խոշոր հարկատուների ցանկում էին, օրինակ, «Կլեոպատրա» խաղատունը և «Բելեցցան»): Այս 15 ընկերությունները միասին 2015թ. առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 2 մլրդ 513.1 միլիոն դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 2 մլրդ 557.7 միլիոնի դիմաց: Այսինքն, հարկերի ընդհանուր չափը նախորդ տարվա համեմատ նվազել է 44.5 միլիոն դրամով կամ 1.7%-ով:

Խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 15 ընկերություններից 9-ն այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել են հարկերը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Տոկոսային առումով հարկերի ամենազգալի կրճատումն ունեցել է «Ավիա-Սերվիսը», որը զբաղվում է զբոսաշրջությամբ, ավիատոմսերի վաճառքով և ավիաուղևորների սննդի ապահովմամբ:

Ընկերությունը 66.2%-ով նվազեցրել է հարկերը՝ հասցնելով 20.6 միլիոն դրամի, և 413-րդ հորիզոնականից նահանջել 987-րդ տեղը: Հարկերի զգալի նվազում են ունեցել նաև Hyundai մեքենաների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մագաս-ինվեստը» (-59.2%) և ձկանկերի շուկայի առաջատարներից մեկը համարվող «Մխչյան ֆիշ ֆուդը» (-58.2%): Ծառուկյանին պատկանող ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը: Հաշվետու ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 1 միլիարդ 182.9 միլիոն դրամի հարկեր և տուրքեր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս