23 տարի առաջ այս օրը սկսվեց Շուշիի ազատագրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։

Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։ Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական։

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր, ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը։ Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Ինքնապաշտպանության ուժերի 1991 թ. վերջի և 1992 թ. սկզբի հաջող գործողությունները, մի շարք կրակակետերի ճնշումը, Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992 թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։

Այս առումով առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թ. հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայ մարտիկներին հաջողվել է ետ մղել թշնամու բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։

Սակայն շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի անխնա հրթիռահրետակոծությունները։ Մոտ 1 շաբաթվա ընթացքում արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թ. ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։

Շուշիի ազատագրման նախապատրաստման շրջանակներում հայկական կողմը ձեռնարկել է նաև միջազգային հանրությանը դրան նախապատրաստելու դիվանագիտական աշխատանք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԽ-ին և մի շարք երկրների ղեկավարներին հասցեագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ փետրվարի 19-ի դիմումով նրանց ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վրա՝ մասնավորապես հիշատակելով Մարաղայի կոտորածը (ապրիլ 1991 թ.)։

Մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԳԽ նախագահությունը կրկին դիմել է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ արցախահայությունը ժողովուրդը սովահար է, զրկված ջրամատակարարումից, էլեկտրականությունից, դեղորայքից… Ուստի Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և Արցախի շահերից բխող պարտադրված անհրաժեշտություն է։ 1992 թ. մարտ-ապրիլին, ի պատասխան այդ դիմումի, մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սայրուս Վենսը և ԵԱՀԽ լիազոր պատասխանատու Յ. Կուբիչը, Իրանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Վայեզին, ՌԴ ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևը, ժամանել են տարածաշրջան։ Սկսվել է նաև բանակցային գործընթաց. Իրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 6-ին հանդիպել են ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յ. Մամեդովը։




Լրահոս