«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը, անդրադառնալով իր դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված Գոհարիկ Ենոքյանի ազատ արձակմանը, ասաց, որ շատ զայրացած է. «Այս գործի մեջ կան լիքը մարդիկ, որ «կռիշ» են եղել Գոհարիկ Ենոքյանին, ու այդ կռիշներն են պատճառը, որ նրան ազատ արձակեցին»:
-Պարո՛ն Կարապետյան, Ձեր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Ենոքյանին, որը համարվում է բարի համբավ ունեցող անձնավորություն, ազատ արձակվեց:
-Շատ ջղայնացած եմ, եթե մարդը կարա մեկին 8,5 միլիոն դոլար քցի, թռնի ու հետո իրան ազատ արձակեն, ուրեմն այդ մարդը ամեն ինչի ընդունակ է: Չեմ պատկերացնում՝ ինչի իրան ազատ արձակեցին, որովհետեւ տրամաբանությունը լրիվ ուրիշ բան էր ասում: Հիմա կարող է՝ վաղն էլ ասեն, թե էս պատմությունը չի եղել, ու էդ մարդը ինձ չի քցե՞լ: Ես հրապարակային ասել եմ ու հիմա էլ ասում եմ, որ էդ մարդը ինձ քցել ա, էդ մարդը իմ փողերը վերցրել ու չի տվել: Ավելին ասեմ, որ իրա ախպոր տղեն ընդունել է, որ ինձանից փող են վերցրել, տարել, կերել են ու չեն ուզում տան: Ցուցմունք ա տվել, հասկանո՞ւմ ես:
-Պաշտոնապես հայտարարվեց, որ տիկին Ենոքյանի առողջականն էր պատճառը, որ նրան ազատ արձակեցին: Ձեր խոսքերից ենթադրվում է, որ Դուք այնքա՞ն էլ հակված չեք հավատալու, որ նա առողջական խնդիրներ ունի:
-Հա, գուցե մեծ կին է, առողջական խնդիր ունի, բայց առողջական խնդիրները հիմք չեն, որ սպանության փորձ նախապատրաստողին ազատ արձակեն: Կալանավայրերում կան հազարավոր բժիշկներ, միջամտություն կարող էին ցուցաբերել, հազար մարդ է կալանավայրում հիվանդ պառկած, որ բուժվում են, եւ ազատ չեն արձակում, էդ ինքը վերին արտի ցորեն պիտի լինե՞ր: Ես կարծում եմ, որ այս գործի մեջ կան լիքը մարդիկ, որ կռիշ են եղել Գոհարիկ Ենոքյանին, ու այդ կռիշներն են պատճառը, որ նրան ազատ արձակեցին:
-Անուններ կասե՞ք, ովքե՞ր են Գոհարիկ Ենոքյանի «տանիքները»:
-Հիմա անուններ չեմ տա, կգա ժամանակը, ես բոլորի դեմքը կպատռեմ ու բոլորի անունները կասեմ, որովհետեւ Գոհար Ենոքյանը մենակ շատ փոքր էր, որ ինձ կարողանար քցեր, ստեղ կան լիքը ուրիշ մարդիկ, որ այս փողը վերցրել, տարել, կերել են: Եթե էսօր ինձ քննադատում են, ասում են՝ էսքան փող որտեղից, ապա ասեմ, որ գույք եմ ունեցել, ծախել եմ, տարել, տվել եմ իրան ու ընկել եմ վարկերի տակ իրանց երեսից: Եթե օրենքը բան չի կարում անի, ուրեմն ես պիտի մտածեմ, թե ինչ անեմ: Սպասում եմ՝ երկրի նախագահը գա, պիտի գնամ, պատմեմ, ասեմ` նախագահ ջան, դու էս պատմությունը գիտես: Ու մենակ նախագահին կասեմ, թե ովքեր են եղել այս գործի կռիշները, որ նախագահը իմանա, որ անարդար ձեւով ինձ քցել են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: