Արա Աբրամյանը Իրինա Բոկովային է հանձնել «Հայոց Անին վտանգված է: Ահազանգ» միջնորդագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էին էլէկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է. Ահազանգ» Միջնորդագրի ներքո, որում կոչ էր արվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ նրանց որոշիչ մաս­նակ­ցու­թյամբ:

Ստորագրահավաքի արդյունքներով, որին մասնակցել էին ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից, նախապատրաստվել էր փաստաթղթային փաթեթ գունազարդ գրքի տեսքով, որը ներառում է նախաձեռնող կազմակերպությունների Միջնորդագիրը երեք լեզուներով, Անիի հուշարձանների պատկերներով, ինչպես նաև առկա բոլոր անձանց ստորագրությունները՝ իրենց էլեկտրոնային հասցեներով և երկրներով: Նախատեսվում էր այդ փաթեթը հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:

Եվ ահա այսօր, մայիսի 8-ին պատեհ առիթ է ստեղծվել կատարելու խոստացվածը: Մոսկվայում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրամյանը հանդիսավոր ճաշ է կազմակերպել ի պատիվ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, ով այսօր պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Միջոցառմանը նախորդել է գունազարդ գրքի՝ Միջնորդագրի և փաստաթղթային փաթեթի հանձնումը ՄԱԿ-ի բարձր պաշտոնյային:

Ճաշին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորի Օրջոնիկիձեն:

Համաշխարհային հայկական կոնգրեսի գործադիր տնօրինություն




Լրահոս