«Ես իմ հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկատվության չեմ տիրապետում»: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հասարակությունում ու մամուլում շրջանառվող այն լուրերին, թե շուտով մի շարք մարզպետներ են պաշտոնանկ լինելու, որոնց շարքում նշվում է նաև հենց իր անունը:
«Ես իմ հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկատվության չեմ տիրապետում, հետևաբար այս մասին որևէ բան պատասխանել չեմ կարող և խորհուրդ կտամ դիմել հատկապես նրանց, ովքեր նման լուրեր են շրջանառում»:
Հիմք ընդունելով, որ վերջին շրջանում Գյումրիում բարձրացել է հանցավորության մակարդակը, և հաճախ են մարզում՝ հատկապես ոստիկանական համակարգում, տեղի ունենում փոփոխություններ, փորձեցինք նաև ճշտել, թե նման արագ փոփոխություններն արդյոք մարզում կրիմինալի բարձր ցուցանիշի առկայության հետ է կապված, ինչին ի պատասխան Ֆելիքս Ցոլակյանը ասաց.
«Ես մյուս մարզերում կադրային փոփխությունների հաճախականության հետ կապված տեղեկություններ չունեմ, որպեսզի կարողանամ համեմատել ու ասել, թե արագ է կամ ոչ: Ինչ վերաբերում է կրիմինալի աճին, ապա կարծում եմ, որ առանձնապես մեր մարզը կրիմինալի մասով հանրապետության մյուս մարզերից իր ցուցանիշներով չի տարբերվում»:
Արման Գրիգորյան
Գյումրի