ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ից շատերը ակնհայտորեն անցել են ՀՀԿ-ի շարքերը: Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ եռյակի համագործակցության ընթացքում ամեն ինչ այլ կերպ էր, քանի որ իրենք այդ ժամանակահատվածում ունեին ԱԺ ԲՀԿ խմբակցության աջակցությունը` բոլոր հարցերի հետ կապված:
Լ. Զուրաբյանն անդրադարձել է նաեւ «Եկամտահարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագծին ու հայտարարել, թե իշխանությունները երկրի զարգացման մասին չեն մտածում, այլ խթանում են արտագաղթը: «Իշխանությունների բոլոր քայլերն ուղղված են դրամահավաք ապահովելու նպատակին, ակնհայտ է, որ 2 մլրդ դոլարի դեֆիցիտ ունենալով, իսկ հիմա արդեն նաեւ տրանսֆերտների նվազում ունենալով՝ երկիրը գնալու է դեպի ֆինանսական կոլապս»:
Անդրադառնալով խորհրդարանական նախկին եռյակի` ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների նախկին ու ներկայիս համագործակցությանը՝ պատգամավորը նշել է, թե իրենք այժմ 44 ստորագրություն չեն կարող ապահովել իրենց նախաձեռնությունների համար, քանի որ այն ժամանակ ունեին ԲՀԿ-ի անվերապահ աջակցությունը, իսկ այժմ ԲՀԿ-ից շատերն անցել են ՀՀԿ-ի շարքերը:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա կիսում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հնչեցրած տեսակետը:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել Լեւոն Զուրաբյանի՝ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունը: Եթե խոսքը վերաբերում է այն ԲՀԿ-ականներին, ովքեր դուրս են եկել կուսակցությունից, միգուցե եւ Լեւոն Զուրաբյանը այդ մասով կարող է լինել իրավացի: Բայց ԲՀԿ-ն նրանց համար որեւէ քաղաքական պատասխանատվություն չի կրում: Իսկ ԲՀԿ կուսակցության անդամները ինչպես պահպանել են իրենց սկզբունքային, արմատական, ընդդիմադիր դիրքորոշումը, այնպես էլ շարունակում են պահպանել: Ես շատ հարգում եմ Լեւոն Զուրաբյանին, բայց նորից եմ ուզում իմ շատ հարգարժան գործընկերոջը խորհուրդ տալ զբաղվել բացառապես սեփական կուսակցության խնդիրներով:
-Վերջին ժամանակահատվածում Լեւոն Զուրաբյանը ակնհայտորեն սկսել է «կպնել» ԲՀԿ-ի վարած քաղաքականությանը, ո՞րն է պատճառը, ինչ-որ տարաձայնություններ ունե՞ք ԱԺ ՀԱԿ խմբակցության հետ:
-Բացարձակապես որեւէ տարաձայնություն չկա, մենք ունենք մեր օրակարգը եւ ասել ենք, որ բոլոր քաղաքական ուժերի հետ, եթե կունենանք ընդհանուր շահեր՝ ի նպաստ ժողովրդի, կլինի դա ՀԱԿ-ը, «ժառանգություն»-ը, թե ՕԵԿ-ը, մենք պատրաստ ենք կոնկրետ հարցի շուրջ համագործակցել: Մենք ՀԱԿ-ի հետ որեւէ տարաձայնություն չունենք, ինչպես որ որեւէ տարաձայնություն չունենք մյուս քաղաքական ուժերի հետ: Բայց եթե որեւէ քաղաքական ուժ փորձում է ԲՀԿ-ի հաշվին դիվիտենտներ հավաքել, բնականաբար մենք դա թույլ չենք տա ու բնականաբար համարժեք պատասխան, եւ դեռ մի բան ավելին, լինելու է: Մենք որեւէ մեկի հանդեպ մեր հարգալից վերաբերմունքը չենք խախտել, մենք բոլորին համարում ենք արժանավոր, արժանապատիվ գործընկերներ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ