Հայաստանի աշխատուժը վերջին տարիներին անդադար «արտահանվում» է. պատկերը` թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունից տեղեկանում ենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսը նվազել է, ոչ ավել, ոչ պակաս, 190 հազար 700 մարդով: Ու թեեւ այս տվյալները վերաբերում են անցած տարվան, բայց հրապարակվել են ընդամենը երեք օր առաջ: Այսպես՝ 2014-ի սկզբին Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 326 հազար 200 մարդ, այսինքն՝ այդքան մարդ, ըստ պաշտոնական վիճակագրության, ի վիճակի էր աշխատել եւ ինչ-որ բան ստեղծել: Ընդ որում, այս թիվը իր մեջ ներառում է Հայաստանի 15-ից 75 տարեկան բոլոր աշխատունակ քաղաքացիներին: 2014 թվականի վերջին պարզվում է՝ Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն 135 հազար 500 մարդ: Իսկ ուր կորան աշխատելու ընդունակություն եւ կարողություն ունեցող մարդիկ:

Պաշտոնական վիճակագրությունը չի պարզաբանում. կային, էլ չկան ու վերջ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014-ի սկզբում Հայաստանի զբաղված բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 175 հազար 800 մարդ, իսկ արդեն տարեվերջին աշխատանք ունեցողների թիվը կազմել է 1 միլիոն 111 հազար 700 մարդ: Ինչպես նկատեցիք՝ մեկ տարում աշխատանք ունեցողների թիվը պակասել է 64 հազար 100-ով: Այն, որ անցած տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ ամեն կերպ կրճատում էին իրենց աշխատողների թվաքանակը, դա հայտնի իրողություն է, եւ պայմանավորված էր ՀՀ իշխանությունների վարած հարկային եւ տնտեսական քաղաքականությամբ:

Այս փաստը չտեսնելու են տալիս միայն իշխանությունները, սակայն, ինչպես տեսնում ենք, իրենց պաշտոնական վիճակագրությունը եւս վկայում է, որ զբաղմունք ունեցողների թիվը էապես նվազել է: Մաթեմատիկայի կանոններով եւ մարդկային բանական տրամաբանությամբ, եթե զբաղվածների թիվը նվազում է, նշանակում է՝ գործազուրկների թիվը պետք է ավելանա: Սակայն Հայաստանի պաշտոնական վիճակագրությունն ինչպես եղել է, այնպես էլ մնում է «օրիգինալ»: Այսինքն՝ աշխատողների թվի նվազման հետ միասին արձանագրել են նաեւ գործազուրկների թվի անկում. 2014-ի տարեսկզբին եղել է 253 900 գործազուրկ, տարվա վերջում նրանց թիվը դարձել է 240 հազար 400: Իսկ թե ինչպես են աշխատանք ունեցողների պակասելու հետ միասին պակասել նաեւ գործազուրկները, թերեւս միայն պաշտոնական վիճակագրերի ուղեղին է հասու:

Ի դեպ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն այս տարվա մարտի դրությամբ կազմում է 72 հազար 958 մարդ: Այս ցուցանիշն անցած տարվա համեմատությամբ աճել է 20,7 տոկոսով: Նշենք, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը միայն զբաղվածության գործակալությունում գրանցվածներն են, եւ ընդհանուր գործազրկության պատկերի հետ, ըստ էության, կապ չունի: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի աշխատուժը վերջին տարիներին անդադար «արտահանվում» է, եւ այդ գործընթացը չէր կարող իրեն զգացնել չտալ նաեւ թվային «ոլորտում»:

Առայժմ դա արտահայտվում է վերը բերված թվերի տեսքով, այնուհետեւ կպարզվի, որ Հայաստանում թոշակառուների թիվն անհամեմատ ավելի մեծ է, եւ աշխատողներն այլեւս ի վիճակի չեն լինի այնքան նյութական արժեք ստեղծել, որը կբավարարի ե՛ւ իրենց, ե՛ւ թոշակառուներին: Դրա արդյունքը կլինի այն, որ մարդիկ կշարունակեն չնչին կենսաթոշակ ստանալով՝ իրենց գոյությունը պահել: Սակայն կա մեկ այլ թիվ, որը առավել քան մտահոգիչ է:

Վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում ծնելիության թվի անկում է արձանագրվել: Նախորդ տարիներին, թեկուզ փոքր, բայց, այնուամենայնիվ, ծնելիության թվի աճ է արձանագրվել: 2015-ի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9 հազար 452 երեխա: 2014-ին նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվն ավել է եղել 185-ով, կամ նույն է թե՝ 1,9 տոկոսով: Ի դեպ, առաջին եռամսյակում Հայաստանի բնական աճը կազմել է հազար 744 մարդ: Եթե հաշվի առնենք, որ ընդհանուր դինամիկան եռամսյակների կտրվածքով շատ չի տարբերվում, ապա կարող ենք արձանագրել, որ տարվա կտրվածքով Հայաստանի բնակչության բնական աճը լավագույն դեպքում 10 հազարի սահմաններում կլինի, ինչը պետության համար շատ փոքր թիվ է, հավասար զրոյի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս