Այս տարի Բաքվում կայանալու է «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե պատրաստ է դպրոցականների հետ մեկնել Բաքու:
Այսօր լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ի վերջո հստակ որոշում առկա է, թե ոչ: Նախարարը նախ կարևորեց հայ դպրոցականների մասնակցությունը նման օլիմպիադարաներին, սակայն ընդգծեց, որ ավելի կարևոր է երեխաների անվտանգությունը:
«Եթե չլինեն պետական անվտանգության երաշխիքներ, մենք ստիպված կլինենք չմասնակցել օլիմպիադային և բարձրաձայնել այդ հարցը: Եթե լինի, մենք պատրաստ ենք մասնակցել և այդ երեխաներին կուղեկցեմ ես», – նշեց նա:
Աշոտյանը հավելեց, որ իրենք դիմել են և սպասում են պատասխանի: