ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր տունը ամուսնուս հոր անունով էր: Նրա մահից հետո այն նոտարով գրանցվել էր ամուսնուս եւ նրա մոր անվամբ: Երկու տարի առաջ մահացավ նաեւ ամուսնուս մայրը: Հիմա ուզում ենք տան սեփականության վկայական ձեռք բերել, սակայն  մեզ տեղեկացրին, որ մոտ 100-150 հազար դրամ  պետք է վճարենք: Բայց մենք այդքան գումար չունենք: Խնդրում եմ ասեք՝ արդյոք այդչափ գումար պետք է ունենանք, որպեսզի իրականացնենք այդ գործընթացը: Եւ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են պետք:

Անահիտ Բալասանյան (Արմավիրի մարզ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ մահացած անձի գույքի ժառանգության ընդունման հարցի կարգավորումը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի համակարգի իրավասությունների մեջ չի մտնում, ուստի այդ հարցով կարող են դիմել նոտարին: Ինչ վերաբերում է ժառանգության իրավունքի վկայականի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմանն ու համապատասխան վկայականի տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ իրավունքի գրանցման համար դիմումի եւ համապատասխան փաստաթղթերի առկայությամբ կարող են դիմել կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակ՝ վճարելով 25 000 դրամ գրանցման վճար («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդված) եւ 1000 դրամ պետական տուրքի վճար («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 36-րդ կետի «թ» ենթակետ) եւ ստանալ այն:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է խորհուրդ տալ մեր ընթերցողին վերցնել 26 000 դրամն ու շտապել կադաստրի պետական կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ՝ գրանցումն իրականացնելու համար: Եւ եթե հավելյալ խնդիրներ ստեղծվեն կամ նշվածից ավելի գումար պահանջեն, պատրաստ ենք օգնել:




Լրահոս