«Ստվերում թողնել» ասելով ու՞մ նկատի ունի Կարեն Կարապետյանը. պատգամավորի կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հաղորդագրությամբ է հանդես եկել, որում նշված է, որ փորձ է արվում էլեկտրէներգիայի թանկացման իրական մեղավորներին ստվերում թողնել. «Կարելի է, իհարկե, ենթադրել, թե որտեղից և ինչու է փորձ արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել և պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ»:

«Էլեկտրաէներգիայի բարձրացման խնդիրն անհասկանլի է, թե ինչ խնդիրներից է ծագել: Վերջին բարձրացման ժամանակ մեզ ասում էին` ամեն ինչ հաշվարկված է, որպեսզի վարկերը մարվեն, տոկոսները վճարվեն և այլն: Թե որն է խնդիրը դառնում, որ մենք հիմա էլեկտարէներգիայի գին բարձրացնենք, ինձ համար անհասկանալի է»,- Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նված փաստին, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով` Կարեն Կարապետյանը երևի ավելի տեղեկացված է, որ նման հայտարարություն է տարածվել: Պատգամավորը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման իրական մեղավորները կարող են լինել վերահսկող մարմինները, որոնք պետք է ժամանակին վերահսկեին և թույլ չտային պարտքերի կուտակում և դրա պատճառով էլեկտրաէներգիայի թանկացում: «Ունենք գները կարգավորող հանձնաժողով, վերահսկողական մարմիններ, որոնք իրենց խնդիրները չեն լուծել և հանրությունը միայն տեղեկացվում է այն ժամանակ, երբ գալիս ասում են` պարտք ենք կուտակել և դրա տակից պետք է դուրս գալ: Միգուցե դա նկատի ունի Կարեն Կարապետյանը»,- ընդգծեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում պետք է հանձնաժողով ձևավորվի, որը կհետևի էլեկտրական ցանցերի աշխատանքներին, ինչպես ստեղծվեց գազի հանձնաժողովը: «Պետք է ասեմ, որ ԱԺ-ն ևս թույլ վերահսկողություն ունի, սա մեր համար դաս պետք է լինի, որ ԱԺ-ն ևս մտագոհված լինի իր վերահսկողական ֆունկցիաները հզորացնելու և վերահսկողություն ապահովելու գործում»,- իր խոսքը եզրափակեց Թևան Պողոսյանը:




Լրահոս