«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ նաեւ պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, ՀՀ ղեկավարությունում սկսել են քննարկել նրա հետագա ճակատագրի հարցը:
Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չգիտեն` ինչպես վարվել Սուրիկ Խաչատրյանի հետ: Դեռ երկու տարի էլ չի անցել Ավետիք Բուդաղյանի սպանությունից, Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին հայտնվել է քրեական պատմության կիզակետում: Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվեց 2013 թվականի հունիսի 1-ին, Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց: Տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվեց որպես ինքնապաշտպանություն:
Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն իրենց խաբել է` ասելով, թե իր որդին կապ չունի Զաքարյանների ծեծի հետ, բայց հետագայում այլ բան է պարզվել: Եւ պարզվելու արդյունքում խայտառակվել են նաեւ իրավապահ համակարգի մարզային ներկայացուցիչները: Դրա համար էլ երեկ Գորիսի ոստիկանապետն ազատվեց աշխատանքից: Եւ հիմա Սուրիկ Խաչատրյանից բացատրություն է պահանջվել: Ու ՀՀ Կառավարությունում մտածում են, որ եթե այս միջադեպի մասով աղմուկը չդադարի, ապա նրանք պետք է ինչ-որ քայլ կատարեն:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հարութ Զաքարյանը, որը ծեծից հետո աչքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, տեղափոխվել է Մոսկվա` այնտեղ հետագա բուժումը շարունակելու համար: Մեր տեղեկություններով` ՌԴ է մեկնել նաեւ նրա հայրը` Գագիկ Զաքարյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: