Անցկացվել է «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ավստրիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովը: Հայաստանում առաջին անգամ կազմակերպված համաժողովին մասնակցել են Ավստրիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Մոնտենեգրոյից, Ուկրաինայից, Թուրքիայից, Վրաստանից և Հայաստանից շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ համայնքների միության նախագահ, Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Էմին Երիցյանը:

Համաժողովին ներկայացվել են պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման մասով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ նման քննարկումները հնարավորություն են տալիս ծանոթանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների արդյունավետ լուծումներին, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել տարբեր երկրների առաջատար փորձագետների միջև: Քաղաքապետի տեղակալը, խոսելով կառավարման գործընթացի վերաբերյալ, հատկանշել է նաև քաղաքացիների ներգրավվածության ու մասնակցության կարևորությունը:
«Մենք համոզված ենք, որ որոշումների կայացման գործում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության և կառավարման անբաժանելի բաղադրիչը: Այս առումով որոշակի ձեռքբերումներ մենք արդեն իսկ ունենք: Մասնավորապես, էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանն աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում լավագույն հնգյակում է, իսկ մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը նույն շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից:

Վստահ եմ, որ համաժողովը կնպաստի սևծովյան տարածաշրջանի քաղաքների միջև փոխգործակցության խթանմանն ու նոր կապերի հաստատմանը, քանի որ շատ նպատակներ նույնական են»,-նշել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Վիեննայի «Go-Governance» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մելանի Սուլլին, անդրադառնալով Երևանում համաժողովի անցկացմանը, կարևորել է այն՝ նշելով, որ թեմայի շրջանակում Երևանն արդեն որոշակի արդյունքներ է գրանցել, ինչն էլ վերը նշված ուղղություններով հետագա համագործակցության ամուր հիմք կդառնա:
Համաժողովի շրջանակում ներկայացվել է նաև «Կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» նոր հրատարակված գիրքը:




Լրահոս