ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օր օրի անհասկանալի է դառնում, թե հայրենի քաղաքական դաշտում ովքեր են ընդդիմադիրները, եւ ինչ նպատակ է հետապնդում նրանց վարած քաղաքականությունը: Ազգային Ժողովում ներկայացված խմբակցություններից միայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են համարվում իշխանություն, իսկ մյուսներն օրը մի ձեւաչափով են հանդես գալիս:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե, ի վերջո, ով է իրական ընդդիմությունը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
-Պարո՛ն Արզումանյան, որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ՝ կասե՞ք՝ ով է հայաստանյան քաղաքական դաշտում իսկական ընդդիմությունը:
-Պառլամենտում ներկայացված ընդդիմությունն արդեն հայտարարել է՝ ով է ընդդիմություն, ով՝ ոչ:
-Բայց օր օրի տարբեր հայտարարությունների ժամանակ այդ ընդդիմություններն այլ կեցվածք են ընդունում: Օրինակ՝ ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ընդդիմություն է, բայց շատ լավ քննադատում է:
-ԱԺ-ում կա կանոնակարգ, որի համաձայն՝ հայտարարվում է՝ դու ընդդիմություն ես, թե ոչ, դրա մասին հայտարարել է երեք խմբակցություն:
-Քանի որ «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն այժմ առանձին են հանդես գալիս, նշված երկուսից ո՞րն է ընդդիմություն:
-Մենք որեւէ մեկից առանձին հանդես չենք գալիս. «Ժառանգություն» խմբակցությունը՝ միասնական ցուցակով, բաղկացած երեք մասից՝ «Ազատ դեմոկրատներ», հանրային սեկտոր եւ «Ժառանգություն» կուսակցություն, ընդհանրական ընդդիմադիր ծրագրով մտել ենք ԱԺ եւ հայտարարել, որ այս խմբակցությունն ընդդիմադիր է: Եւ խմբակցությունը շարունակում է ընդդիմադիր մնալ:
-Իսկ պառակտո՞ւմը…
-Պառակտում չի եղել, եղել է, որ այդ խմբակցության՝ «Ազատ դեմոկրատներ»-ին ներկայացնող պատգամավորները ներկայացնում են միայն «Ազատ դեմոկրատներ»-ին՝ լինելով «Ժառանգություն» խմբակցության անդամ: Ընդդիմադիր ծրագրեր ենք ներկայացնելու, եղել ենք ու կլինենք ընդդիմադիր, քանի դեռ այս երկրում չի փոխվել իշխանությունը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, քաղաքական դաշտում ո՞ւմ եք համարում ընդդիմություն:
-Ես Արծվիկ Մինասյանին համարում եմ ընդդիմադիր:
-Այսինքն՝ միայն ՀՅԴ-ի՞ն եք համարում իսկական ընդդիմություն:
-Չէ՛, ընդդիմություն՝ ովքեր հրապարակել են, որ ընդդիմություն են, բայց ընդդիմադիր կառուցողական եմ համարում Արծվիկ Մինասյանին:
-Իսկ Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի «կեցվածքն» ընդդիմադի՞ր է:
-Նա քաղաքական դաշտում նոր մոդել ձեւավորող կուսակցություն է: Իսկ ընդդիմություն համարվելու համար պետք է հայտարարվի, քանի որ չի հայտարարվել, ապա ընդդիմություն համարելը, կարծում եմ, ճիշտ չէ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
-Պարո՛ն Զուրաբյան, քաղաքական դաշտում ո՞վ է այսօր իսկական ընդդիմությունը:
-Հայ ազգային կոնգրեսը եւ նրա շուրջ ձեւավորվող դաշտը:
-Բայց ովքե՞ր են այդ «ձեւավորվող դաշտի» ներկայացուցիչները, ի՞նչ են անում նրանք:
-Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին:
-Իսկ «այլընտրանք» համարվող ԲՀԿ-ն այդ դաշտում տեղավորվո՞ւմ է:
-Ամեն ինչ ստուգվում է այդ իմ ասած բանաձեւով. ով պայքարելու է Ս. Սարգսյանի ռեժիմի դեմ, նա հանգիստ կարող է համարվել ընդդիմություն: Այդպես ամեն մեկը կարող է խոսել, բայց կա չափանիշ, որով ամեն ինչ ստուգվում է, իսկ այդ չափանիշը շատ պարզ է, որը ես արդեն նշեցի:

ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Մարգարյան, ըստ ՕԵԿ-ի՝ ովքե՞ր են այսօրվա ընդդիմադիրները:
-Ընդդիմությունը ես չեմ դիտարկում մի փակ սենյակ, որ մարդը մտավ այդտեղ ու վերջ, այսինքն՝ իր գործունեությամբ, իր դիրքորոշումներով ցանկացած քաղաքական ուժ իրավասու է ներկայացնել կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն: Դժվար է ինչ-որ չափանիշներ սահմանել ընդդիմության համար:
-Քաղաքական դաշտում ի հայտ է եկել նաեւ մեկ այլ ձեւաչափով ներկայացող քաղաքական ուժ, որն իրեն «այլընտրանք» է համարում, դա ինչպե՞ս հասկանալ:
-Ես չեմ ուզում մեր գործընկերների դիրքորոշումը մեկնաբանել, կարծում եմ՝ դա մեր գործընկերները կասեն:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ո՞ւմ եք համարում ընդդիմություն:
-Արդեն հայտարարել են, թե ովքեր են, իսկ ԲՀԿ-ն ցանկանում է, որպեսզի որեւէ պարտադրանք եւ նույնիսկ առաջարկ ձեւակերպման տեսքով չհրամցվի ԲՀԿ-ին, եւ ճիշտ է, որ մենք զբաղվենք մեր քաղաքական կուրսը իրականացնելով: Եւ թող հանրությունն ինքը ասոցացնի այդ ձեւակերպման հետ, մենք ունենք ուրիշ, այլ, այլընտրանքային մոտեցում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս