Հասմիկ Պողոսյանը կհստակեցնի Սարոյանի տան ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ԱՄՆ կատարելիք իր այցի շրջանակում կհստակեցնի Վիլյամ Սարոյանի տան ճակատագրի հարցը: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նախարարը: Նա ընդգծեց, որ մշակույթի նախարարությունն իր գործընկերների, ԱՄՆ- ում Հայաստանի դեսպանատան միջոցով հետևում էր Ֆրեզնոյում ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տան աճուրդի գործընթացին:

«Սա այն հարցն է, որը չի կարող անտարբեր թողնել հայ հասարակությանը: Պարզապես, դժվար էր հասկանալ, թե ինչ լծակներով էր հնարավոր կարգավորել այդ գործընթացը: Այդ խնդիրը բոլոր երկրներն ունեն. վերջերս աղմուկ բարձրացրեց Ֆելինիի բնակարանի` նույն ձևով աճուրդի հանելու մասին լուրը: Սարոյանի տան պարագայում, կարծում եմ, որ այդ գործընթացը բարեհաջող ավարտվեց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարն ընդգծեց, որ տունը ձեռք է բերել մի մարդ, ով այն պահպանելու է որպես տուն-թանգարան: «Իմ մոտակա այցի շրջանակում հստակ քննարկում եմ ունենալու, թե ամերիկացին ինչ է անելու այդ հարցով, և հուսով եմ, որ դրա արդյունքում ավելի հստակ տեղեկատվություն կունենամ: Իսկ այսօրվա տվյալներով՝ այդ տարածքը լինելու է տուն-թանգարան»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանն աճուրդի է հանվել: Աճուրդը տեղի է ունեցել մայիսի 5-ին:




Լրահոս