Արդեն մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ Գորիս քաղաքում ծեծկռտուք տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ: Ու մինչ քննչական կոմիտեն ծանուցագիր է պատրաստում վկաներին ու մասնակիցներին հարցաքննելու եւ բերման ենթարկելու մասին, իսկ գործը հսկող դատախազն էլ ինչ-որ ցուցումներ է տալիս, մարզպետի որդին հասցնում է լքել Հայաստանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 2-ից լրատվամիջոցները գրում են, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանի միջեւ Գորիսում տեղի էր ունեցել վիճաբանություն: Ավելի ուշ տղաների վիճաբանությունը շարունակվել էր Սդղի գյոլ կոչվող տարածքում, որտեղ նշված տղաներին են միացել նաեւ մի խումբ այլ անձինք: Երիտասարդների միջեւ տեղի էր ունեցել ծեծկռտուք, որից հետո բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Հարութ Զաքարյանը: Դեպքից 8 օր անց տղայի հարազատները հնարավոր բոլոր քայլերն անում են՝ Հարութի տեսողությունը վերկանգնելու համար, եւ պատրաստվում են անգամ տեղափոխել Մոսկվա: Նրանք նաեւ բարձրաձայնում են, որ Սուրեն Խաչատրյանի որդին անձամբ է ծեծի ենթարկել Հարութին:
Թվում էր, որ հայրենի իրավապահ համակարգի ներկայացուցիչները հերթական ծեծկռտուքի մասին տեղեկանալուց հետո պետք է մեծ արագությամբ գործի անցնեին՝ վայրկյան առաջ պարզելու եւ մեղավորներին բերման ենթարկելու, առավել եւս, որ կրկին հիշատակվում էր Սյունիքի ամենազոր մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու անունը: Բայց ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 7-ին միայն ձեռնամուխ եղավ ծեծի գործով բոլոր մասնակիցներին ծանուցագիր ուղարկելու կարեւոր գործին, որպեսզի ծեծկռտուքի մասնակիցները ներկայանան հարցաքննության: Եւ, ահա, նրանց մեջ էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որն առիթից օգտվելով՝ փախուստի դիմեց:
Իսկ ո՞րն էր խնդիրը, որ Սուրեն Խաչատրյանի որդուն ավելի շուտ չէին հրավիրում հարցաքննության: Բանն այն է, որ թեեւ հանրության շրջանում տարածված են նրա մասնակցության մասին լուրերը, սակայն փաստացի գործում չկան էական փաստեր, որ նա մեղավոր է: «Ժողովուրդ»-ին այս ծեծի գործով անցնողների ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, հարցաքննվածներից որեւէ մեկը իր ցուցմունքում Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը չի գրել եւ չի պատմել, որ կոնկրետ նա է ծեծել Հարութ Զաքարյանին կամ որեւէ մեկ այլ անձի: Թե ինչն է պատճառը, որ որեւէ մեկը նման բան չի գրել, մի քանի վարկածներ կան:
Չի բացառվում, որ գործով անցնողները պարզապես վախեցել են անուններ տալ՝ հետագայում Սուրեն Խաչատրյանի կողմից չհետապնդվելու եւ հանգիստ ապրելու մղումով: Չի բացառվում նաեւ, որ չկա կոնկրետ որեւէ փաստ, որ հենց Տիգրան Խաչատրյանն է անձամբ դաժանորեն ծեծել Հարութ Զաքարյանին, որի հետեւանքով երիտասարդը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ: Եւ, վերջապես, ամենահավանական վարկածն այն է, որ այս գործով անձինք իրենց ցուցմունքում Տիգրան Խաչատրյանի անունը չեն տալիս, քանի որ վստահ են, որ միեւնույն է՝ ոչինչ չի փոխվի, եւ մարզպետի որդին պատասխանատվության չի ենթարկվի:
Տեղեկացանք նաեւ, որ Գորիսում էլ կան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մատնանշած «գողականներից»: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծեծի մասնակից տղաներից շատերը, որոնք եղել են Հարութ Զաքարյանի թիմակիցները, ընդհանրապես հրաժարվում են ցուցմունք տալ` ասելով, թե իրենք ցուցմունք տվող չեն եւ այս հարցը իրենց ձեւով կլուծեն:
Ու, ահա, մինչ իրավապահները կանեին մեկ-երկու-երեք չորս, մարզպետի որդին մեկ-երկու, մեկ-երկու սկզբունքով լքեց Հայաստանը, մինչեւ ամեն ինչ խաղաղվի, վտանգն անցնի, եւ նա կրկին «անհաղթ աքլորի» կարգավիճակով Գորիս կվերադառնա:
«Ժողովուրդ»-ը մայիսի 8-ին գրել էր, որ դեպքից հետո Տիգրան Խաչատրյանին չեն կարողանում գտնել, նա փախուստ մեջ է: Եւ, ահա, երեկ այս գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել, բերման ենթարկել: Դատելով դատախազության պաշտոնական հաղորդագրությունից՝ մինչ այս որոշումը կայացնելը բազմաթիվ քայլեր են իրականացվել՝ մասնակիցներին քննչական մարմին հրավիրելու համար, սակայն փորձերն ապարդյուն են անցել: Չի բացառվում, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին փորձել են համոզել, եթե որդին ներկայանա քննչական մարմին, որեւէ խնդիր չի առաջանա, ասել են, որ չեն ձերբակալի: Սակայն Սուրեն Խաչատրյանը կարծես թե չի համաձայնել, եւ որդուն թաքցրել է:
Եւ այս դեպքում պետք է ասել, որ ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեն, ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազությունը, ե՛ւ ՀՀ ոստիկանությունը չգտնվեցին իրենց բարձունքում՝ թույլ տալով մարզպետ Խաչատրյանի որդուն լքել երկիրը: Ասել է թե՝ հերթական անգամ ականատես եղանք Հայաստանի իրավական համակարգի անզորությանը եւ անգործությանը:
Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 2013թ. հունիսի մեկին իր տան բակում կրակեց եւ սպանեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին: Տիգրան Խաչատրյանը կալանավորվեց: Նրան ազատ արձակեցին սեպտեմբերի 7-ին՝ մարզպետի որդու եւ թիկնապահի գործողությունները որակելով անհրաժեշտ պաշտպանություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ո՞ՒՄ ԿՁԵՐԲԱԿԱԼԵՆ
Մայիսի 8-ին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացած 20-ամյա Հարություն Համբարյանի հայրը` Հրայր Համբարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահ պնդեց, որ իր որդին չէր կարող ինքնասպանություն գործել: Ըստ հոր, կատարվածը կա՛մ պատահականություն է, կա՛մ սպանություն, բայց ոչ երբեք ինքնասպանություն:
Հիշեցնենք, որ նշված օրը ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ժամը 15:10-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Հարություն Համբարյանը: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը, որը Արեւաշող համայնքի ավագանու անդամ է, ասաց, որ դեպքից մեկ օր առաջ որդին խոսել է քրոջ եւ մոր հետ. «Նա այն աստիճանի հավասարակշռված տղա էր, որ չեք պատկերացնում: Նա չէր կարող, իրոք, չէր կարող ինքնասպանության գնալ: Նա նաեւ այն տղան չէր, որ իրեն այնքան վատ պահեր կամ խնդիրներ ունենար որեւէ մեկի հետ, որ նրանք էլ ցանկանային հաշվեհարդար տեսնել ու սպանեին իրեն: Չգիտեմ, ինձ ոչինչ չեն պատմել, մենակ խոսակցություններ են հասել, որ դեպքի ժամանակ իրենից մի քիչ հեռու ինչ-որ մեկն է եղել, իսկ թե ով է, բան չգիտեմ ու որեւէ բան չեմ ասում: Ինչ ասեմ, գոհ էր ծառայությունից, դեկտեմբերին տուն պիտի գար, բայց…»:
Հավելենք, որ երեկ տեղի է ունեցել տղայի հուղարկավորությունը, որին մասնակցել է նաեւ զինվորի զորամասի հրամանատարը, սակայն նա հրաժարվել է որեւէ մեկի հետ խոսելուց` նշելով, թե ոչինչ չի կարող ասել: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ տղայի մահվան գործով ձերբակալություն լինի:
Ի դեպ, Հարությունը փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի հոր հորեղբոր որդին էր եւ բնակվում էր Արեւաշող գյուղում: Այժմ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
«Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն է նշանակվել Պարգեւ Պետրոսյանը, ով գործարանում նախկինում չի աշխատել: Այս նշանակման «հեղինակը», ըստ 168.am-ի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է: Աղբյուրի գնահատմամբ` սա առավել եւս տարօրինակ է, քանի որ հենց նախարարության կամ Կառավարության դժգոհության արդյունքում էր, որ այս տարվա փետրվարի 6-ին աշխատակիցների, այդ թվում՝ փոխտնօրենների մեծ մասը գործազուրկ դարձան: Թե ինչո՞ւ է չաշխատող գործարանին հարկավոր նոր փոխտնօրեն, պարզ չէ:
ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2015 թ. մայիսի 11-ից հունիսի 2-ը ներառյալ կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար: Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն:
Պահանջվող փաստթղթեր՝
1) դիմում-հայտ.
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակները եւ պատճենները.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը եւ պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
Դիմում-հայտը (հայտի ձեւանմուշ) լրացվում եւ պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կամ նրա լիազորված անձի կողմից:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում (640 սենյակ) 2015 թվականի մայիսի 11-ից մինչեւ հունիսի 2-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 10:00-17:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35 հեռախոսահամարներով:
Սեւանի եւ Վարդենիսի բժշկական քոլեջի շրջանավարտները պետք է դիմեն նշված հասցեով, որպեսզի իրենց ստացած դիպլոմներն օրինականացնեն: Հակառակ դեպքում նրանց ունեցած փաստաթուղթը առոչինչ է:
ԵՄ-Ն ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ
Հայաստանի դիվանագիտական դպրոցը Եվրամիությունից լրացուցիչ ֆինանսավորում կստանա մինչեւ 2017 թվականի ապրիլը։ Այս մասին մայիսի 11-ին կայացած «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։