Ինչու «Հիմնադիր խորհրդարան»-ը սկսեց կուսակցությունների հետ համագործակցության հեռանկար տեսնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ն իր գործունեությունում մարտավարական փոփոխություն է կատարել. ՀԽ-ն սկսում է քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը: Որպես առաջին քայլ, ՀԽ-ն այսօր երեկոյան հանրային քննարկման է հրավիրել ընդդիմադիր բոլոր կուսակցություններին: Նշվածի վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, Վարուժան Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, այսօրվա հանրային քննարկման նպատակը ո՞րն է: 

-Մենք նպատակ ունենք նախաձեռնել մի գործընթաց, որը հնարավորություն կտա ձևավորելու նոր ճակատ, որպեսզի կարողանանք հասարակության համախմբված ուժերով չեզոքացնել մեզ սպառնացող վտանգները: Ինչպես նաև, առաջին հերթին երաշխավորել մարդու իրավունքների գերակայություն Հայաստանում:

-Քննարկմանը կոնկրետ հրավերներ ուղարկվե՞լ են:

-Հրավերներ են ուղարկվել կուսակցություններին, հասարակական-քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին: Ներկա ընդդիմադիր կուսակցություններին ենք հրավիրել:

– «Հիմնադիր խորհրդարան»-ը միշտ ասում էր, որ ներկա քաղաքական կուսակցությունների հետ չի համագործակցի: Ի՞նչ փոխվեց: 

-Մենք ասեցինք` մարտավարական փոփոխություն է կատարվել, որի դրսևորումներից մեկն էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ համագործակցությունն է: Մենք կոչ ենք անում, որ նրանք բացի համակարգի ներսում իրենց գործունեությունից, զուգահեռ մասնակցեն քաղաքական իրականություն կերտելու մեր գործընթացին և ընտրություն կատարեն: Մենք նախկինի նման կոշտ դիրքորոշում հանդես չենք բերում ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, այլ փորձում ենք ավելի բաց ու ճկուն լինել` ասելով, որ կարող եք երկու տիրույթում էլ աշխատել` ինչպես գործող համակարգի ներսում, այնպես էլ մեզ հետ: Մենք համոզված ենք, որ մեր հավանական գործընկերները գալով մեր առաջարկած դաշտ, կարճ ժամանակ հետո կտեսնեն, որ այստեղ պայքարելն ավելի արդունավետ է և կվերանայեն իրենց մոտեցումները:

-Օրինակ` ԲՀԿ-ի, «Ժառանգության», «ՀԱԿ»-ի հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ եք:

-Կոնկրետ այս պահին տվյալ միջոցառման առումով կարող եմ ասել, որ հրավերներ ենք ուղարկել ՀԱԿ-ին, «Ժառանգությանը», ՀՀՇ-ին, «Ազատ Դեմոկրատներ»-ին, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, «Ժողովրդավարական հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների ներկայացուցիչներին, ԱԻՄ-ին և այլն:

-Կարո՞ղ ենք փաստել, որ այսուհետ «Հիմնադիր խորհրդարան»-ը սկսում է կուսակցությունների հետ համագործակցությունը:

-Այո, բայց որոշակի օրակարգով: Մենք չենք մասնակցի համակարգի ներսում տեղի ունեցող գործընթացներին: Մեր օրակարգը չի փոխվում: Մենք մնում ենք համակարգից դուրս զուգահեռ իրականություն ձևավորելու և ռեժիմի հեռացումից հետո այլընտրանքայնորեն ստեղծված մարմինների միջոցով կառավարելու, այնուհետև` նոր Սահմանադրություն և այլն: Մենք առաջարկում ենք, որպեսզի մեզ հետ ևս աշխատեն և չսահմանափակվեն միայն համակարգում աշխատելով:

-Իսկ եթե կուսակցությունները չհամաձայնեն աշխատել ՀԽ-ի հետ:

-Դե եթե չհամաձայնեն, չհամաձայնեն: Պետք է հորդորենք, քայլեր ձեռնարկենք, մինչև որ համաձայնեն: Սա պրոցես է, չի կարելի ասել` մեկ անգամ ասեցինք, մարդիկ չեկան և վերջ: Իսկ միջոցառման առումով մենք դեռ ոչ մեկից մերժում չենք ստացել:

Նշենք, որ ԲՀԿ-ն հանրային քննարկմանը հրավիրված չէ, քանի որ կուսակցությունը երբևէ չի արտաբերել քաղբանտարկյալ տերմինը և ՀԽ անդամներին քաղբանտարկյալ չի համարել: Իսկ քննարկման հրավերներն ուղարկվել են բոլոր այն ուժերին, որոնք դեմ են արտահայտվել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս