Մայիսի կեսն է, իսկ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը դեռ չի վերսկսվել: Այդ ճանապարհը կառուցող «Խաչհար» ՍՊԸ աշխղեկ Աբել Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց,որ տեղանքը ցեխոտ է, գետինը չի չորացել, այդ պատճառով էլ ճանապարհի կառուցումը չի վերսկսվել:
Նրա խոսքերով՝ շրջանցիկ ճանապարհի գործարկումը նախատեսված է մինչեւ հուլիսի սկիզբը, մինչ այդ կփռվի 17000 խորանարդ մետր ասֆալտ, կավարտվի ճանապարհը ադրբեջանական հենակետերից պաշտպանող հենապատի կառուցումը: Ա. Ավագյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու 2014թ. աշնանը ասֆալտապատված քայքայված հատվածի հետ: Նա հայտնեց, որ այդ հատվածը մեծ չէ, եւ վստահեցրեց, որ իրենք դա կնորոգեն: Այնինչ` սահմանամերձ Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ շրջանցիկ ավտոճանապարհի խճապատ հատվածում փլվածք է առաջացել, որը պետք է ուսումնասիրվի: Հիշեցնենք, որ Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2014թ. հունիսին:
Այն 1.8 կմ-ով կրճատելու է այդ տարածքում երթեւեկությունը եւ ապահովելու է սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճՇՇ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2014թ. հոկտեմբերի վերջն ավարտել ճանապարհի շինարարությունը, սակայն ինչպես տեսնում ենք՝ ռազմավարական նշանակության այս ճանապարհը մինչ օրս շահագործման հանձնված չէ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ