Բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները կշարունակվե՞ն. նոր զարգացումներ ԱԱԾ-ում քննվող աղմկահարույց գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս այս տարվա մարտի սկզբին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հարկային ծառայության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքը նույն էր՝ «գործարար Ռ.Ա.»: Ավելի ուշ լրատվամիջոցներով լուրեր տարածվեցին այն մասին, որ նշված գործարարը սնանկ ճանաչված «Տապինո» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուզաննա Աբրահամյանն է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջինս իր ցուցմունքներում հիշատակել է նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի անունը: Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս է եղել Ռուզաննա Աբրահամյանի «տանիքը»: Այս պատմության առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Միրզոյանը զայրացած վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ռուզաննա Աբրահամյանի հասցեին՝ նշելով, թե նրա հետ ոչ մի կապ չունի:

Իսկ հիմա, կարծես, գործը նոր թափ է ստացել, տեղի են ունենում նոր զարգացումներ: Նշված գործի շրջանակներում ձերբակալվել է հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հաղորդում ներկայացրած «Ժերոնա» և «Տապինո» ՍՊԸ-ների սեփականատեր Ռուզաննա Աբրահամյանը: Վերջինս, շրջանառվող լուրերի համաձայն, դեպքից բավականին երկար ժամանակ անց է դիմել իրավապահներին, քանի որ հարկայինի բարձրաստիճան պաշտոնայները նրան խոստացել են հարցերը լուծել, խոշոր չափերով գումար են պահանջել և ստացել, սակայն խոստման կատարումը մնացել է օդից կախ:

Հրապարակային խոսակցությունների համաձայն, ձերբակալություններն այսքանով չեն ավարտվի. շարքը, կարծես թե, դեռ երկար կշարունակվի: Չի բացառվում, որ առաջիկայում ձերբակալվի նաև Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության նախկին պետ Արկադի Բալայանը: Նույն տեղեկությունների համաձայն, վերջինս մի քանի անգամ կանչվել է ԱԱԾ, հարցաքննվել: Նրա հետ դեռևս կապ հաստատել չհաջողվեց:

Ի դեպ, ՀՀ պետական  եկամուտների  կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հովսեփյանի մասով քրեական գործի շրջանակներում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կալանավորվել է հարկայինում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Մազմանյանը: Armlur.am-ի հետ զրույցում Մազմանյանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն ասաց, որ քրեական գործի նյութերի պատրաստումից ամիսներ անց են միայն ձերբակալել Մազմանյանին: Այս հանգամանքը, փաստաբանի խոսքով, որևէ կերպ չի կարող մեկնաբանվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, քանի որ դա բացատրել առհասարակ հնարավոր չէ. «Չեն կարող որևէ պարզաբանում տալ, թե ինչու են ուշացրել ձերբակալումը: Որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել: Ինչ եղել է սկզբում, նույնն էլ մնացել է մինչև ձերբակալելը»: Նրա խոսքով,  գործը քննվում է 2013թ.-ից, ցուցմունքները կային դեռևս 6-7 ամիս, ոչինչ չի փոխվել, սակայն, չգիտես ինչու, իր պաշտպանյալին հիմա են ձերբակալում:

Աշոտ Սարգսյանը նշեց նաև, որ Մազմանյանի խափանման միջոց կալանքը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Մեղադրյալն ամենայն մանրամասնությամբ ցուցմունք է տվել, նրանք պահանջում են առերեսում Արամ Հովսեփյանի հետ, ով տվել է հարկայինի նախկին պետի անունը:

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռուզաննա Աբրահամյանին պատկանող  ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի  գումարների անհիմն  նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու և դրանք չարձանագրելու  դիմաց պահանջել և Ռուզաննա Աբրահամյանից ստացել է 30 հազար դոլոր կաշառք:

Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաև 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու և չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել և ստացել է ևս 40 հազար դոլար կաշառք: Նախաքննությունը շարունակվում է:

Իսկ Գագիկ Մազմանյանը հարկայինի օպերվարչության պետի տեղակալի աշխատանքից ազատվել է 2007թ.: Նա մշտապես տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել, մինչ հարկայինում աշխատելը եղել է ոստիկանության 6-րդ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի պետ, աշխատել է խոշոր հարկ վճարողների բաժնում: Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ կաշառք և պաշտոնական լիազորությունների չարաշահում:

Ինչ վերաբերում է ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին, ապա, ինչպես նշեցինք, լուրեր կան, որ նրան ևս կլորիկ գումար է բաժին ընկել վերոնշյալ «գործարքի» շրջանակներում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին իրավապահները խուզարկել են Անդրանիկ Միրզոյանի բնակարանը:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ արձանագրել էր, որ որ ՀՔԾ նախկին պետի տան խուզարկությունը սովորական երևույթ չէ: Նա իրավապահ, իսկ ավելի կոնկրետ՝ քննչական կառույցի առաջին էշելոնի պաշտոնյա է եղել, որն իր կարգավիճակով, թերևս, զիջում է միայն ՀՀ գլխավոր դատախազին: ՀՔԾ-ում քննվում են ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներին առնչվող քրեական գործերը:

Նշանակում է՝ Անդրանիկ Միրզոյանը կամ ինչ-որ պաշտոնյայի նկատմամբ հարուցված քրեական գործ է կարճել՝ ինչ-որ բանի դիմաց, կամ խոշոր գումարին առնչվող այլ գործի մեջ է եղել, որը տարիներ անց է բացահայտվել: Ամեն դեպքում խուզարկությունը քննչական գործողությունների ընթացքում իրականացվող այն քայլն է, որն իր մեջ հաստատության որոշակի բաղադրիչ է պարունակում: Այսինքն, ԱԱԾ քննիչներն ինչ-որ բանում արդեն համոզված են, որ գնացել են ՀՔԾ նախկին պետի տուն՝ իրեղեն ապացույցներ կամ գոնե հետաքրքիր փաստաթղթեր որոնելու:

Մնում է սպասել` ինչպիսի զարգացումներ կլինեն առաջիկայում, և ովքեր կձերբակալվեն: Ի դեպ, հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը պաշտոնանկ արվեց այսօրվա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի «ձեռքով»:

Այդուհանդերձ, նկատենք, որ եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունն իսկապես կոռուպցիայի դեմ պայքարեին, ապա այսօր Հայաստանի բանտերը լցված կլինեին պետական բարձրաստիճան պաշտոնյաներով, այդ թվում նաև՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը ներկայացնող: Մյուս կողմից, եթե այս գործը կոնկրետ ձերբակալված պաշտոնյաների դեմ է ուղղված, ապա ինչու ԱԱԾ-ն նրանց նկատմամբ հսկողություն չի սահմանել, և փաստի վրա չեն ձերբակալել:

Կասկածից վեր է, որ պաշտոնյաների նկատմամբ հսկողություն սահմանելու դեպքում նրանց նման գործերի վրա բռնացնելն ընդամենը «տեխնիկայի հարց» կլիներ: Կաշառքների նախկին գործերով ԱԱԾ-ն հենց այդպես էլ գործել է: Կաշառքի մեղադրանքները, որպես կանոն, ներկայացվել են կասկածվողին անմիջապես հանցանքի պահին բռնացնելիս: Բայց դրանք եղել են այն դեպքերը, երբ ԱԱԾ-ն կոնկրետ պաշտոնյայի «բռնելու» հրահանգ է ունեցել և այդ ուղղությամբ աշխատել է:

Տաթև Հարությունյան




Լրահոս