Մայիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության/ՃՄՀԳ/ Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի գլխավոր տնօրեն Տոշինոբու Կատոյին և Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Ֆուկումուրի Դայիսուկիին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ Հասմիկ Սարգսյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Գեղամ Պետրոսյանը:
Շնորհակալություն հայտնելով երկարամյա արդյունավետ համագործակցության համար, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը տպավորված է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության հետ համագործակցությամբ, մասնավորապես ՓՄՁ, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում:
Որպես համագործակցության լայն հնարավորությունների ուղղություն էկոնոմիկայի նախարարը նշել է ներդրումային համագործակցությունը և ճապոնական խոշոր ընկերությունների մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կոնկրետ ծրագրերին, մասնավորապես` քիմիայի բնագավառում: Նախարարը համառոտ տեղեկացրել է ճապոնացի գործընկերներին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունների մասին:
ՃՄՀԳ Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի գլխավոր տնօրեն Տոշինոբու Կատոն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Երկու երկրների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից Տ.Կատոն կարևորել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը և որպես համագործակցության ընդլայնման միջոց նշել Ճապոնիայում Հայաստանի մասին տեղեկատվության տարածումը, բարձր մակարդակի այցելությունների և սեմինարների անցկացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև ՓՄՁ ոլորտի համատեղ ծրագրերի շարունակականության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներկայացնելու հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները: