Այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը: Նիստում բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Այժմ ներկաներն ելույթ են ունենում:
Խոսքով հանդես եկավ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա նշեց, որ իրավական համակարգի ցանկացած փոփոխություն իր ազդեցությունն է ունենում նաև փաստաբանների վրա: Նա հավելեց, որ վերջին շրջանում եղել են և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ:
Որպես դրական ձեռքբերում փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ 2012թ. համապատասխան օրենքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի, քաղաքացիական գործերի դեպքում դատարանում շահերը փաստաբանն է ներկայացնում:
Նրա խոսքով, դատական ներկայացուցիչների համար հստակ սահմանված վարքագծի կանոնագիրք կա: Զոհրաբյանն անընդունելի համարեց, որ շատ հաճախ պաշտպանյալին նույնացնում են պաշտպանի հետ: Նա ընդգծեց, որ այդպիսի պրակտիկա կա հատկապես ծանր հանցագործությունների դեպքում, երբ տուժածի բարեկամներն անհանդուրժողական մոտեցում են ցուցաբերում մեղադրյալի փաստաբանի հանդեպ:
«ՀՀ-ում փաստաբանական գաղտնիքի ստանդարտը բարձր մակարդակի վրա է գտնվում: Արգելվել է գործի նյութերի կրիչներն առգրավել փաստաբանից: Փաստաբանն ունի իմունիտետ և նրան չի կարելի որպես վկա կանչել», – հավելեց նա:
Որպես դրական ձեռքբերում Արա Զոհրաբյանը նշեց նաև հանրային պաշտպանների առկայությունն ու դրանց ներգրավումը բորոլ գործերում: